Երևանի հանրային տրանսպորտի մասին ինֆորմացիան՝ «Յանդեքս»-ի էլեկտրոնային քարտեզում
Նմանատիպ
Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունն արդեն հասանելի է «Յանդեքս»-ի էլեկտրոնային քարտեզում։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ընկերության հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման նպատակով։
«Քաղաքի բնակիչներն ու հյուրերը, օգտագործելով «Յանդեքս» քարտեզները, այժմ կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները, պլանավորել երթևեկությունը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը, հասկանալ, թե ինչպե՞ս պետք է հասնել մոտակա կանգառ, ո՞ր համարի փոխադրամիջոցը նստել և որքա՞ն կտևի երթևեկությունը։ Երթուղիների առցանց ցուցադրման որակը բարելավելու նպատակով համայնքը «Յանդեքս»-ի հետ համատեղ շարունակում է աշխատանքը»,-նշեց Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ հուլիսի 1-ից գործարկվող երթուղիները ևս թարմացված կլինի քարտեզում: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել նաև կանգառներում էլեկտրոնային չվացուցակներ տեղադրելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում