Ապստամբությունը, միևնույն է, կճնշվեր․ Պուտին
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին, որոնք ճիշտ որոշում են կայացրել։ Այս մասին նա հայտարարել է ռուսական հեռուստատեսության եթերում` արտակարգ ուղերձում։
Ռուսաստանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ Վագների մարտիկների ճնշող մեծամասնությունը հայրենասերներն են, որոնք «օգտագործվել են մութ գործերի մեջ»։ Այս համատեքստում ՌԴ ղեկավարը Վագների հրամանատարներին առաջարկել է պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ կամ մեկնել Բելառուս։ Պուտինը շնորհակալություն է հայտնել այն մարտիկներին, որոնք վերջին պահին կանգ են առել և չեն գնացել արյունահեղության։
«Շնորհակալ եմ «Վագներ» խմբի այն զինվորներին ու հրամանատարներին, ովքեր չգնացին եղբայրասպան պատերազմի, կանգ առան, դուք կկարողանաք պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ ձեր սիրելիների մոտ կամ մեկնել Բելառուս»: – ասել է Պուտինը՝ վստահեցնելով, որ այն խոստումը, որը տվել է վագներականներին, կկատարվի։
Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ նախագահն ասել է, որ ապստամբությունը կասեցնելու գործում որոշիչ դեր են խաղացել ռուսների հայրենասիրական տրամադրությունները, ողջ հասարակության համախմբումը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ «զինված ապստամբությունը ամեն դեպքում կճնշվեր»։
Պուտինն առանձին ընդգծել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներդրումը իրավիճակի կարգավորման գործում՝ իր երախտագիտությունը հայտնելով նրան։
«Հասարակությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները հաստատակամորեն պաշտպանեցին սահմանադրական կարգը»,- ասել է նախագահը։
Պուտինը նշել է, որ շաբաթ օրը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված հերոս-օդաչուների խիզախությունն ու անձնազոհությունը փրկել են սարսափելի հետևանքներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում