Եթե Ռուսաստանը փլուզվի, Բելառուսը կմնա փլատակների տակ․ Լուկաշենկո

Եթե Ռուսաստանը փլուզվի, Բելառուսը կմնա փլատակների տակ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ այսօր նոր գլոբալ հակամարտության սպառնալիքն ավելի մոտ է, քան երբևէ։

Լուկաշենկոյի խոսքերը փոխանցում է նրա մամուլի ծառայությունը։

Ըստ Բելառուսի նախագահի՝ «մեզ փորձում են մոլորեցնել հավաքական Արևմուտքի իրական ծրագրերի ու մտադրությունների վերաբերյալ», բայց փոխարենը տեղի է ունենում արևմտյան կարգի պարտադրում։

Դրա դրսևորումներից մեկը նա անվանել է ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր ալիքը և դաշինքի երկրների ռազմական ներուժի հզորացումը։ «Նրանք հերթական անգամ փորձում են պայթեցնել մեր երկիրը, մեր ամբողջ տարածաշրջանը, ապակողմնորոշել մարդկանց, ամեն գնով ապակայունացնել իրավիճակը և այս աղմուկի տակ պարտադրել իրենց սեփական կանոնները, հաստատել իրենց կարգը։ Կարգ, որում այլևս չեն լինի ո՛չ մեր երկրները, ո՛չ ժողովուրդները»,- ասել է նախագահը:

«Իմ դիրքորոշումն այն է, որ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ, մենք բոլորս կմեռնենք»,- հավելել է Լուկաշենկոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում