Wildberries-ը դադարեցրել է Հայաստան սննդի և կոսմետիկայի առաքումը

Wildberries-ը դադարեցրել է Հայաստան սննդի և կոսմետիկայի առաքումը

Օնլայն գնումների հանրահայտ Wildberries պլատֆորմը վերջին շրջանում որոշ սահմանափակումներ է սկսել կիրառել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է մթերքի և կոսմետիկայի մատակարարմանը։ Առցանց հավելվածը փակել է Հայաստանից այս ապրանքների գնման հնարավորությունը։

Wildberries-ի աշխատակիցը մեկնաբանել է այդ որոշումը և ասել, որ առաքանին Հայաստան է հասնում առնվազն 15 օրում, մոտ այդքան էլ կարող է մնալ պահեստում, որտեղ չկան պահման համապատասխան պայմաններ։ Արդյունքում սննդի և կոսմետիկայի որոշ տեսակներ կարող են ուղղակի փչանալ, և եթե գնորդը որոշի այն չվերցնել, փչացած ապրանքը մնում է մասնաճյուղի կառավարչի հաշվին, քանի որ Wildberries-ի գլխամասն այն հետ չի ընդունում։

Wildberries–ի հայաստանյան մասնաճյուղերից մեկի մենեջեր Դավիթ Հակոբյանն իր հերթին պատմել է, որ վերջին շրջանում կոնֆետեղենը հանվել է առաքանիից ու Հայաստան այլևս չի ուղարկվում։

«Երևի պատճառը շոգն է։ Ճանապարհին մթերքը փչանում է։ Հայաստան Wildberries–ն ապրանքն ուղարկում է կա՛մ բեռնատարներով, կա՛մ ինքնաթիռներով։ Այստեղ էլ երբեմն խնդիր է առաջանում, երբ Լարսը փակ է լինում։ Ցավոք, ընկերությունը սառնարաններով ապահովված բեռնատարներով չի ուղարկում մթերքը։ Ձմռանը, կարծում եմ, այս խնդիրը չի լինի»,– «Sputnik Արմենիանա»-ի հետ զրույցում ասել է Դավիթ Հակոբյանը։

Սակայն եթե անգամ կազմակերպությունը սառնարաններով ապահովված բեռնատարներով ուղարկի մթերքը, տնտեսվարողները առաքմա կետերում չունեն համապատասխան պայմաններ։

Wildberries-ի մամուլի ծառայությունը պարզաբանել է․ «Մթերքներ» բաժինը ժամանակավորապես անհասանելի է Հայաստանի գնորդների համար` տեխնիկական պատճառներով: Բաժնի աշխատանքի վերսկսման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

Նշենք, որ Wildberries ընկերությունը հիմնադրվել է 2004 թ–ին։ Ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների` ՀՀ–ում այն գրանցվել է 2018 թ. օգոստոսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում