Գորիսից Որոտան նոր ճանապարհ կկառուցվի

Գորիսից Որոտան նոր ճանապարհ կկառուցվի

Գորիսից դեպի Սյունիքի Խոտ-Որոտան հատվածում նոր ճանապարհ կկառուցվի՝ շրջանցելով Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքը:

Տեղեկությունը Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատսխան հաստատել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախագծի իրականացումը թույլ կտա էապես կրճատել քաղաքից գյուղ տանող ճանապարհը, որը Գորիս-Կապան մայրուղուց հայկական զորքերի հետքաշումից հետո մասնակի մեկուսացման մեջ է հայտնվել։

«Նախատեսվում է Գորիսից ճանապարհ կառուցել, որը կմիանա Խոտ-Որոտան հատվածին։ Նշված ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրվել են և պատրաստ են»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ինչ վերաբերում է Խոտ-Որոտան ճանապարհի 10 կիլոմետրանոց կառուցվող հատվածին, մոտ 8 կմ-ի վերակառուցումը նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականին։ «Նշված ճանապարհի 2 կմ հատվածի հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ընթացիկ տարում կապահովվի նաև այդ 2 կմ երկարությամբ տեղամասի անցանելիությունը»,-նշել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները փակել էին Գորիս-Կապան մայրուղին: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում