«Հրեշտակ երկնավոր». ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է Շնորհալուն նվիրված գիտաժողով
Նմանատիպ
Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում։
Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովը, որով մեկնարկել են Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից։
«Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովին մասնակցել են Մատենադարանի, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչները, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վատիկանի ներկայացուցիչը, քույր եկեղեցիների հոգևոր հայրեր, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր։
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր Ստեփանյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վատիկանի ներկայացուցիչը։
Ելույթի ընթացքում բանախոսներն արժևորել են Շնորհալու ստեղծագործական ժառանգությունը, նրա դերակատարությունը համաքրիստոնեական արժեքների տարածման գործում։
Գիտաժողովին հաջորդել է նույնանուն խորագրով ցուցադրությունը, որի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մշակութային կարևոր և աննախադեպ իրադարձության կապակցությամբ. «Այսօր մենք առիթ ունենք վերստին նշանավորելու հայոց հոգևոր պատմության ամենաերևելի անուներից մեկին՝ Սուրբ Ներսես Շնորհալուն։ Վստահ եմ՝ այսօր մեկնարկած գիտաժողովի շրջանակում տրվել են ստույգ գիտական գնահատականներ, գեղեցիկ և խորիմաստ բնութագրումներ և, այդուհանդերձ, դժվար է սահմանել այն դերն ու նշանակությունը, որ ունեցել է մեծանուն Հայրապետը հայ աստվածաբանական ու գեղագիտական մտքի ձևավորման մեջ»։
Նախարարի նշմամբ՝ ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն է ծանոթանալու Ներսես Շնորհալու ժառանգությանը և գիտակցելու նրա դերը մատենագրության, գրավոր մշակույթի պատմության մեջ։
«Նմուշների բնագրերը պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, և առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաշտոցյան Մատենադարանին պատկերազարդ ձեռագրերի թվային պատճենները տրամադրելու համար»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում