Tiffany & Co.-ն և այլ հայտնի բրենդներ Հայաստանում մշակված ադամանդներն են գնում
Նմանատիպ
Հայաստանում ադամանդագործության և թանկարժեք մետաղների ոլորտում ակտիվություն է նկատվում։
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին ամիսներին Հայաստանից արտահանված ապրանքների ամենամեծ մասնաբաժինն են կազմում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը:
Օրինակ՝ այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից արտահանվել են 508 մլն 61.2 հազար դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումը աճել է 3.9 անգամ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ոլորտների վարչության պետ Արևիկ Մարգարյանն այս արտադրատեսակների արտահանման աճը կապել է հիմնականում հենց ադամանդի և ոսկու ձուլակտորների, ոսկերչական արտադրանքի արտահանման հետ: Ըստ նրա՝ աճը պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական վիճակով, այնպես էլ երկրում հիմնված ադամանդագործական ընկերությունների աշխատանքով:
Վարչության պետի խոսքերով՝ Հայաստանից ադամանդ արտահանվում է հիմնականում ԱՊՀ, ԵԱՏՄ, որոշակի՝ նաև այլ երկրներ: Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից ԵԱՏՄ երկրներ է արտահանվել ավելի քան 34 մլրդ 829 մլն դրամի ադամանդ՝ 2021-ի ավելի քան 17 մլրդ 351 մլն դրամի նկատմամբ: Իսկ այլ երկրներ նախորդ տարի արտահանվել է 727 մլն 244 հազար դրամի ադամանդ, սա մոտ է 2021-ի ցուցանիշին:
Tiffany & Co.-ն, Cartier-ը, Patek Philippe-ը, Hermes-ը և այլ հայտնի բրենդներ Հայաստանում մշակված ադամանդներն են գնում, նշել է Արևիկ Մարգարյանը: «Ոլորտում գործում են, օրինակ՝ «Արևակն», «Շողակն» ընկերությունները, որոնցից էլ հենց Tiffany & Co.-ն և այլ առաջատար միջազգային ընկերություններ պաշտոնապես գնում են ադամանդները: Իրենք ապահովում են այդ որակը»։
Ըստ Մարգարյանի՝ ոլորտի զարգացման պատճառներից է նաև կառավարության կողմից թանկարժեք մետաղների և քարերի արդյունաբերությունը որպես ռազմավարական դիտարկելը: Այսպիսով, վարչության պետի կարծիքով, ոլորտի քաղաքականությունը, ռազմավարությունների մշակումը և դրանից բխող միջոցառումների ծրագրերը, որոնք պետք է պետությունը կիրառի, նպաստելու են բարենպաստ դաշտին ու ոլորտի զարգացմանը:
Անդրադառնալով Հայաստանից թանկարժեք մետաղների արտահանմանը, Արևիկ Մարգարյանը նշեց, որ արտահանվում են հիմնականում ոսկու ձուլակտորներ, ոսկերչական արտադրատեսակներ, զարդեր: Նա վստահեցնում է՝ նախարարությունն արտահանողների հետ անմիջական կապի շնորհիվ տեղյակ է, թե հիմնականում որ ուղղություններով են արվում արտահանումները:
«2022 թվականին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ են գնացել 2 մլրդ 129 մլն 679 հազար դրամի ոսկերչական զարդեր՝ 2021-ի 1 մլրդ 661 մլն 709 հազար դրամի նկատմամբ: Այլ երկրներ արտահանվել են 1 մլրդ 537 մլն 451 հազար դրամի ոսկերչական զարդեր՝ 2021-ի 1 մլրդ 855 մլն 213 հազար դրամի նկատմամբ»,- ասել է Արևիկ Մարգարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում