«Այգ-1» ծրագրի շրջանակում իրականացվում են սոցիալական աջակցության ծրագրեր
Նմանատիպ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի և Աբու Դաբիի Մասդար ընկերերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջանակում Թալին և Դաշտադեմ համայնքներում արդեն սկսել են իրականացվել սոցիալական զարգացման ծրագրեր: Մասնավորապես, Դաշտադեմ հայանքում կառուցվում է համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մոտ 7 կմ երկարությամբ ոռոգման ջրի համակարգ, որի համար ներդրվում է ավելի քան 220 միլիոն ՀՀ դրամ: Ոռոգման ջրի նոր համակարգից կօգտվի 622 շահառու։ Թալին համայնքում իրականացվում են համայնքային ենթակառուցվածքների կառուցապատման ծրագրեր։
«Այգ-1» ծրագրի շրջանակում Մասդար ընկերության կողմից Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքված նվիրատվության պայմանագրի համաձայն պետք է իրականացվեն 320 մլն ՀՀ դրամի չափով զարգացման ծրագրեր։ Մասդարի նվիրաբերած գումարն ամբողջությամբ ուղղվելու է համայնքներում տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշների համաձայն: Նվիրատվությունը՝ Մասդար ընկերության կողմից արևային կայանի ներդրումային ծրագրի փաթեթի շրջանակներում ստանձնած սոցիալական ներդրումների պարտավորության մասն է կազմում։
Հիշեցնենք, որ «Այգ-1»-ի կառուցման համար ընդհանուր առմամբ կներդրվի մոտ 200 մլն ԱՄՆ դոլար։ Արևային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում