Հուլիսի 3-ը պատմության մեջ

Հուլիսի 3-ը պատմության մեջ

Հուլիսի 3-ը պատմության մեջ նշանավորվել է մի շարք իրադարձություններով։ Times-ը ներկայացնում է կարևոր փաստեր, որոնք տեղի են ունեցել հուլիսի 3-ին։

ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ 

1992թ-ի հուլիսի 3-ին մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը։ «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի»,- ասում էր Վարդանը։

Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին Երևանում: 1984-ին զորակոչվել է Խորհրդային բանակ և մասնակցել Աֆղանստանի կռիվներին: Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից Դուշմանը նետվել է պայքարի դաշտ` մասնակցելով Երասխավանի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական կռիվներին:

1993թ. օգոստոսի 10-ին, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Դուշման Վարդանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

1883թ-ին ծնվել է էքզիստենցիալիզմ գրական ուղղության հանճարեղ ներկայացուցիչ Ֆրանց Կաֆկան։Կաֆկան ծնվել է Պրահայում՝ այդ ժամանակ Ավստրո-Հունգարական Կայսրության կազմում․ ունեցել է հրեական արմատներ, գրել է գերմաներեն։ «Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» և այլ հանրահայտ պատմվածքների/վեպերի հեղինակ է։ Կաֆկան համարվում է 20-րդ դարի համաշխարհային գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը, սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, և նվիրված են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը։

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

1911թ-ին մահացել է հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը։ Նա գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:

Աղայանն օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Նրա պոեզիայում առանձնանում են «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան», «Մանուշակ» բանաստեղծությունները, «Տորք Անգեղ» պոեմը:  Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը («Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և այլն) այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը:

Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:

ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆ 

1996թ-ի հուլիսի 3-ին Բորիս Ելցինը 2-րդ անգամ ընտրվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում։  Ելցինը ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել է Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահը և այդ պաշտոնը զբաղեցրել է ընդհուպ մինչև 1999թ-ի դեկտեմբերի 31-ը, երբ նրան այդ պաշտոնում փոխարինեց ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում