ՄԱԿ–ն ու ՌԴ–ն առաջիկա օրերին կբանակցեն «պարենային գործարքի» շուրջ

ՄԱԿ–ն ու ՌԴ–ն առաջիկա օրերին կբանակցեն «պարենային գործարքի» շուրջ

Առաջիկա օրերին ՄԱԿ–ի և ՌԴ–ի միջև քննարկումներ են նախատեսվում «պարենային գործարքի» շուրջ, հստակ օրը դեռ հայտնի չէ։

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Հանդիպումը հավանաբար կկայանա Ժնևում։ Այդ բանակցությունները մեծամասամբ կորոշեն հետագա մեխանիզմը, այսօր նման հստակություն չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հարցին, թե արդյոք հույս կա, որ «պարենային գործարքի» ժամկետը կերկարացվի, աղբյուրը նշել է, որ բանակցությունները շարունակվելու են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել էր, որ Ռուսաստանը գործը տանում է նրան, որ հուլիսի 18-ը «պարենային գործարքի» վերջին օրը լինի։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։

Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:

Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում