Ուրախ և տխուր մարդը․Մհեր Մկրտչյանի 93-ամյակին

Ուրախ և տխուր մարդը․Մհեր Մկրտչյանի 93-ամյակին

Ուրախ և տխուր մարդ․ այսպես կարելի է նկարագրել նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանին, կամ նույն ինքը՝ Ֆրունզիկին։ Այսօր նրա ծննդյան օրն է։

Մհեր Մկրտչյանը համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի հայերից մեկը։ Նրա տաղանդը, հումորի զգացումը, դրամատիկական կերպարը գերում են հանդիսատեսին ու անջնջելի տպավորություն թողնում առ այսօր։

Ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Լենինականում (Գյումրի)։ Հայրն ու մայրը ցեղասպանությունից փրկվել և հաստատվել էին այնտեղ։ Մհերն ընտանիքի չորս երեխաներից ավագն էր։ Ունեցել է ծանր մանկություն, ստիպված է եղել մանուկ հասակից աշխատել։ Նրա մանկության երազանքը, որն այդպես էլ չիրականացավ, հեծանիվ ունենալն էր։

Թատերական ուղին Ֆրունզը սկսեց ծնողներից գաղտնի։ Հայրը չէր համակերպվում այն մտքի հետ, որ տղան կարող  է դերասան դառնալ։ Բայց բավական էր մի անգամ տեսնել որդու խաղը և կարճ ու կոնկրետ ասաց` շատ լավ խաղացիր, համոզիչ էր։

Անկախ տարիքից՝ մարդիկ սիրում են Մհեր Մկրտչյանի ֆիլմերը, հիանում նրա կատարած դերերով ու հաճախ մեջբերումներ անում այդ ֆիլմերից։

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է  Մհեր Մկրտչյանը:

Սա էր նրա նշանաբանը, որի շնորհիվ «Եռանկյունի», «Մենք են, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Կտոր մը երկինք», «01-99» և շատ ուրիշ ֆիլմեր, որոնցում խաղացել է հանճարեղ դերասանը, դարձել են հայ կինոարվեստի մնայուն արժեքներ։

«Տխուր արևը»

Ֆրունզիկի եղբայր Ալբերտ Մկրտչյանը, որը նկարել է «Մեր մանկության տանգոն», հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, թե ինչու են եղբորը Ֆրունզիկ անվանել։

«Ծնողներս իրենց առաջնեկին Ֆրունզիկ են անվանել, երևի, խորհրդային ռազմական գործիչ Միխայիլ Ֆրունզեի պատվին։ Երեսնական թվականների հայերին մեղադրում էին ազգայնականության մեջ, և նրանք սկսեցին երեխաներին տարօրինակ անուններ տալ։ Հայտնվեցին ռոբերտներ, ալբերտներ, ֆրունզիկներ։ Իսկ երբ տարիներ անց Սունդուկյանի անվան թատրոնը, որտեղ աշխատում էր եղբայրս, Լիբանանում հյուրախաղերի էր մեկնել, տեղացիները նրան Մհեր էին անվանում։ Դա բիբլիական անուն է, որը թարգմանմամբ «արև» է նշանակում»։

Գործընկերները, հարազատները, իրեն ճանաչող մարդիկ հաճախ Մհերին բնութագրում էին որպես ծածկամիտ, գաղտնապահ, բայց միևնույն ժամանակ լուսավոր, նվիրված, հումորի սուր զգացումով։ Նա կյանքին մոտենում էր փիլիսոփայական ընկալմամբ։ Փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր Աշոտ Գևորգյանը, որ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմում ու մարմնավորել է Ալբերտ Մկրտչյանի կերպարը, Ֆրունզիկի մասին խոսելիս ասել է․ «Սիրում էր թելով պանիր ուտել։ Լինելով պատերազմական տարիներն ապրած մարդ` Ֆրունզիկը լավ գիտեր հացի գինը։ Մի հացի կտոր ընկներ գետնին, անպայման կվերցներ ու կասեր` հացին պիտի հարգեք, որ հացն էլ ձեզ հարգի։ Այդ սև հացի ու թել պանրի մեջ մեկ էլ գալիս էր տիեզերական անծայրածիրության այնպիսի փիլիսոփայության, արվեստի քննարկումների…»։

Յուրաքանչյուր հարցի նկատմամբ ուներ այսպիսի վերաբերմունք։ Բծախնդիր էր անգամ կատարած դերերի նկատմամբ։

Մհեր Մկրտչյանը տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ դարձել է հայ կինոյի ու թատրոնի առեղծվածներից մեկն ու արժանացել տարբեր մրցանակների՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (հետմահու) և այլն։

Եթե փորձենք մեկ տողով ամփոփել Ֆրունզիկ Մկրտչյան մարդու և դերասանի բնութագիրը, ապա պետք է հիշենք «Եռանկյունի» ֆիլմում հնչած հետևյալ արտահայտությունը՝ Ուրախ և տխուր մարդու գեղեցիկ լեգենդը։

Առլինա ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում