«Դուք եք ինձ հասցրել այս վիճակին»․ Սաակաշվիլին դիմել է վրացական իշխանությանը

«Դուք եք ինձ հասցրել այս վիճակին»․ Սաակաշվիլին դիմել է վրացական իշխանությանը

Վրաստանի նախկին նախագահ, այժմ բանտարկյալ Միխայիլ Սաակաշվիլին երկուշաբթի օրը հեռակա միացել է Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցած դատական նիստին, որտեղ քննարկվում էր 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու գործը։ Սա Սաակաշվիլիի՝ այս տարվա փետրվարից ի վեր առաջին հրապարակային ելույթն էր։

Միացման ժամանակ նա դիմել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին՝ասելով․ «Դուք ինձ հասցրիք նման վիճակի, և պետք է ներողություն խնդրեք եվրախորհրդարանականներից, իմ ընտանիքից, ինձնից, Ուկրաինայի Հանրապետությունից ․․․ և Վրաստանի քաղաքացիներից այն բանի համար, որ վրացական պետության հիմնադիրն այսպիսի վիճակում է»,- ասել է Սաակաշվիլին՝ ցույց տալով իր հյուծված մարմինը:

Սաակաշվիլին, ով այժմ ունի Ուկրաինայի, այլ ոչ թե Վրաստանի քաղաքացիություն, անցյալ տարվա մայիսից գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդի» կլինիկայում: Նա կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ Վրաստան վերադառնալուց անմիջապես հետո։

Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է մի շարք քրեական գործերով։ Դրանցից երկուսի շրջանակում, Վրաստան վերադառնալուց առաջ, նա հեռակա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։

2007թ նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլիին սեփականության անօրինական փոխանցման գործով դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրել նախագահական երկրորդ ժամկետի ավարտից անմիջապես հետո։

Ինչպես նաև, դատախազությունը նախկին նախագահին մեղադրել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Ինքը՝ Սաակաշվիլին, իրեն անվանում է «Պուտինի բանտարկյալ», իսկ իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները համարում է քաղաքական դրդապատճառներով հետապնդում։
Հարցի շուրջ արձագանքել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին․ «Հենց հիմա Ռուսաստանը վրացական իշխանությունների ձեռքով սպանում է Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիին»։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանը կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ ուկրաինական կողմի բողոքը հայտնելու համար, և խնդրել է՝ 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիի հետ բանակցություններ վարելու համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում