Մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների միության «Global business Forum»-ը
Նմանատիպ
350 հայ գործարար աշխարհի ավելի քան 15 քաղաքներից։ Հայաստանում մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների միության ամենամյա «Global business Forum»-ը։ Այս տարի այն անց է կացվում «Կառուցիր գլոբալ նեթվորք գլոբալ բիզնեսի համար» խորագրով։ Ինչպես նշում են կազմակերպիչները, ֆորումը տևելու է մեկ շաբաթ, որի ընթացքում Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենան մի շարք հանդիպումներ, միջոցառումներ և քննարկումներ։
Յուրաքանչյուր տարի «Մանթաշյանց» գործարարների ակումբը մոտ 650 միջոցառում է կազմակերպում։ «Global business Forum»-ն այդ միջոցառումներից ամենամեծն է։ Ակումբի անդամ գործարարները նշում են, որ նման հանդիպումների ընթացքում իրենք ոչ միայն մասնագիտական նոր գիտելիքներ են ձեռք բերում, այլև գործարար նոր կապեր ստեղծելու լավ հնարավորություն ստանում։
«Գլոբալ բիզնես ֆորում 2023»-ն այն լավագույն` չկրկնվող հարթակն է, որտեղ հանդիպում են աշխարհի հայախոս գործարարները: Նոր ծանոթություններ, նոր կապեր, նոր գործարքներ: «Մանթաշյանց» գործարարների միության այս նախաձեռնությունը բիզնես աշխարհագրությունը ընդլայնելու ամենակարճ ճանապարհն է: Մեկ ձեռքսեղմում ու տեղացի գործարարները կարող են դուրս գալ միջազգային շուկա, նոր կապեր հաստատել, դրանց միջոցով նոր շուկաներ գտնել, դիրքեր ամրապնդել, խնդիրներ լուծել:
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը նշում է, որ իրենց նպատակն է մեծացնել ակումբի աշխարհագրությունը, և եթե այսօր աշխարհի 10 քաղաքներում մանթաշյանականները կարողանում են գործընկերներ գտնել, ապա մինչև տարեվերջ նախատեսում են այդ քաղաքների թիվը հասցնել 20-ի:
Միությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացման հնարավորություն է ստեղծում, բայց՝ գործարարության տեսանկյունից: Այսպես «Global business Forum»-ի մասնակիցների թվում են նաև գործարարներ Լոս Անջելեսից, որոնք երկար ժամանակ Հայաստան չէին եկել։ Մանթաշյանականների մեջ կան գործարարներ, որ սկսել են ԱՄՆ-ից ներդրումներ անել Հայաստանում։ «Մարդիկ հանդիպում են, ամիսներով շփվում և միջանձնային հարաբերությունների շնորհիվ ներդրումների գործընթացն ավելի փափուկ է կատարվում», – նշում է միության նախագահ Վահրամ Միրաքյանը:
«Մանթաշյանց»-ի ընդհանուր գլոբալ առաքելությունն է՝ օգնել ամբողջ աշխարհում հայ գործարարներին ավելի արդյունավետ լինել, ավելի արագ լուծել իրենց խնդիրները և արագ զարգանալ: Ներկայում «Մանթաշյանց» գործարարների միությունը աշխարհում ունի 10 մասնաճյուղ՝ Երևանում, Արցախում, Գյումրիում, Վանաձորում, Դուբայում, Մոսկբայում, Կրասնոդարում, Համբուրգում, Լոս Անջելեսում Թբիլիսիում, որոնցում ընդգրկված է 450 գործարար: Նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել Ջավախքում, Չինաստանում, Ղազախստանում, Սանկտ Պետերբերուգում, Դոնի Ռոստովում, Իրանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում և այլուր: Ակումբի գաղափարախոսությունն է՝ «Մենքն» ուժեղ է «ես»-ից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում