Հուլիսի 5․ Սահմանադրության օրը

Հուլիսի 5․ Սահմանադրության օրը

1995թ-ի հուլիսի 5-ին համազգային հանրաքվեի արդյունքում ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

1995թ-ի Սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկը

Սահմանադրությունը պետության մայր օրենքն է․ այն հռչակում է պետության բնույթը, կառավարման կարգը, հիմնարար սկզբունքները։

Հայաստանի պետականության ողջ պատմության ընթացքում սա բացառիկ իրադարձություն էր, որովհետև պատմության նոր և նորագույն փուլերում սա առաջին անգամն էր, երբ Հայաստանի անկախ Հանրապետությունը ունենում էր Սահմանադրություն։

Առաջին Հանրապետության կարճ գոյության ընթացքում այդպես էլ չհաջողվեց ունենալ Սահմանադրություն։

Խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել է 3 Սահմանադրություն, բայց դրանք ամբողջությամբ հիմնված են եղել ԽՍՀՄ սահմանադրության վրա և ավելի շատ իրենց բովանդակությամբ եղել են միութենական Սահմանադրության «ենթասահմանադրական» կանոնադրություններ։

Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթ․ քարոզչական հոդված․ 01․07․1995թ․

Հայաստանի 3-րդ Հանրապետության Սահմանադրությունը ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։

Հետագա տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան 2 սահմանադրական բարեփոխումներ․ դրանց արդյունքում Հայաստանն ամբողջովին անցում կատարեց դեպի խորհրդարանական կառավարման ձևի։

2005թ-ի Սահմանադրական փոփոխությունները 

Հայաստանի Սահմանադրության փոփոխություններից առաջինը կատարվել է սահմանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005 թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով։

Փոփոխությունները նշանակալի էին հատկապես հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների բաժանման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ապահովման տեսանկյունից։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին Նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Այսպես, փոփոխություններով վերացվեց Հանրապետության Նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. Ներկայումս Հանրապետության Նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։

Կառավարման կարգի հետ կապված հաջորդ կարևոր փոփոխությունը Ազգային ժողովն արձակելու՝ Հանրապետության նախագահի՝ կրկին, ըստ էության անսահմանափակ լիազորության վերացումն էր։ Փոփոխություններով սահմանվեցին այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն Հանրապետության Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը։

2015թ-ի Սահմանադրական փոփոխությունները 

Սահմանադրական 2-րդ և այս պահին վերջին փոփոխությամբ Հայաստանի կառավարման ձևը կիսանախագահականից անցում կատարեց դեպի խորհրդարանական ձևի՝ լայն լիազորություններ ընձեռելով Հանրապետության վարչապետին։ Երբեմն այս նոր կառավարման ձևն անվանվում է «Սուպերվարչապետական», քանի որ նոր Սահմանադրությամբ շատ լայն լիազորություններ են տրվել երկրի վարչապետին։

Նախկինում մեծ լիազորություններ ունեցող Հանրապետության նախագահը ստացավ պետության գլխի սիմվոլիկ նշանակություն, ով զուրկ է առարկայական իշխանական լծակներից, սակայն միաժամանակ հանդես է գալիս որպես Սահմանադրության երաշխավոր։ Նրան է պատկանում նաև Ազգային ժողովի ընդունած օրենքները վավերացնելու լիազորությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում