Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում շուրջ 600 բժիշկ է ժամանել Երևան
Նմանատիպ
Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում ավելի քան 600 բժիշկ է ժամանել Երևան, և նրանցից ավելի քան 300-ը սփյուռքահայեր են։ Համագումարի համանախագահներն այս մասին հայտնել են միջոցառումից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Ուրոգինեկոլոգները, ակնաբույժները, սրտաբաններն ու մյուս մասնագետները ժամանել են 10 երկրից, այդ թվում` Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ–ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրալիայից։
Ասուլիսի ընթացքում համագումարի համանախագահ Գևորգ Յաղջյանը կարևորել է փորձի փոխանակումը և նշել՝ «Նրանցից շատերն արդեն երկար տարիներ համագործակցում են Հայաստանի բժիշկների հետ։ Գալիս են այստեղ ու արդեն ունեն պլանավորված վիրահատություններ։ Օրինակ` ուրոգինեկոլոգ Սամվել Բադալյանը Հայաստանում մի ծրագիր է ստեղծել և մշտապես գալիս է ու վիրահատություններ անում, մեր օրդինատորներին է սովորեցնում։ Համոզված եմ`այս անգամ էլ ժամանակը կօգտագործի և վիրահատություններ կանի։ Մոսկվայաբնակ ակնաբույժ Անուշ Ամիրյանն էլ ԲԿ–ներից մեկում աչքի քաղցկեղի հետ կապված վիրահատություն է արդեն իրականացրել»։
Նրա խոսքով` այս համաժողովը արտերկրից ժամանած հայ բժիշկներին հնարավորություն է տալիս կապ հաստատել մի շարք բուժհաստատությունների հետ, պայմանավորվածություններ ձեռք բերել և վիրահատություններ անել նաև հայրենիքում։
«Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը հայտնել է, որ համագումարի շրջանակում Վաշինգտոնի մանկական ազգային կենտրոնից ժամանել է վիրաբուժական ծառայության ղեկավար Միքայել Պետրոսյանը։ Նա սարքավորումներ է բերել լապարոսկոպիկ ուսումնական կենտրոնի համար, որպեսզի երիտասարդները կարողանան դրանց միջոցով փորձ ձեռք բերել։
Նշենք, որ հուլիսի 6-8-ը կայանալիք համաժողովի նպատակներից է նաև ամրապնդել Հայաստան–սփյուռք կապերը։