1921թ-ի հուլիսի 5-ին Արցախը կցվեց Ադրբեջանին
Նմանատիպ
1921թ-ի հուլիսի 5-ին Մոսկվայի թելադրանքով և Իոսիֆ Ստալինի անմիջական միջամտությամբ որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։
Դրա նախորդ օրը՝ հուլիսի 4-ին, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրել էր լիագումար նիստ, որի ընթացքում նույնպես հաստատվել էր Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ:
Սակայն ողջ խորհրդային ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեք չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ շարունակաբար պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար:
Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լինելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր և հետևողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը դրսևորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ-ի հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական կոթողների և մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ:
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խտրականությունն իր ազդեցությունն ունեցավ նաև Ղարաբաղի բնակչության վրա և դարձավ վերջինիս գաղթի հիմնական պատճառը: Արդյունքում, Ղարաբաղի բնակչության հարաբերակցությունը փոփոխվեց. եթե 1923 թվականին հայերը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակչության 94,4 տոկոսը, ապա 1989թ. տվյալներով հայերի թիվը նվազել է մինչև 76,9 տոկոս: Հայաթափման քաղաքականությունն առավել հաջող ընթացավ մեկ այլ հայկական տարածքում` Նախիջևանում:
ԼՂԻՄ-ի ժողովուրդը և Հայկական ԽՍՀ իշխանությունները Ղարաբաղն Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու որոշումը վերանայելու խնդրանքով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներ են հղել, որոնք անտեսվել են կամ մերժվել, պատճառ դառնալով նախաձեռնողների հանդեպ կիրառվող հալածանքների: Նշված դիմումների թվում են Հայկական ԽՍՀ Կառավարության և կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 1945թ. դիմումը ԽՍՀՄ կառավարությանը և Համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, 1963թ. ԼՂԻՄ ազգաբնակչության ավելի քան 2,5 հազար, իսկ 1965թ. ավելի քան 45 հազար ստորագրությամբ նամակները` հասցեագրված ԽՍՀՄ ղեկավարությանը, 1977թ. ԽՍՀՄ նոր Սահմանադրության համաժողովրդական քննարկումների շրջանակում ԼՂԻՄ աշխատանքային կոլեկտիվների առաջարկությունները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ շրջան
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում:
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ: Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց ԼՂՀ-ն:
1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:
Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:
Արդյունքում 1994թ-ին կնքվեց զինադադար, որի արդյունքում Արցախը փաստացի դարձավ անկախ պետություն։ Մինչև 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքի մոտ 72 տոկոսը կրկին հայտնվեց օկուպացման մեջ՝ ներառյալ Շուշին և Հադրութը։
2022թ-ի դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 200-օրից ավել է, ինչ Արցախի բնակչությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։
Այսօր Արցախի ապագան և հեռանկարները խիստ մշուշոտ են և դժվար է կանխատեսել, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում