Հուլիսի 5-ը պատմության մեջ

Հուլիսի 5-ը պատմության մեջ

Հուլիսի 5-ը պատմության մեջ նշանավորվել է մի շարք կարևոր իրադարձություններով։ Times-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը։

Վենեսուելայի անկախությունը

19-րդ դարասկզբին Իսպանական գաղութային կայսրությունը անկում էր ապրում․ Հարավային Ամերիկայում մեկը մյուսի հետևից բռնկվում էին ապստամբություններ իսպանական գահի դեմ։ 1811թ-ի հուլիսի 5-ին Վենեսուելայի կոնգրեսը ընդունեց անկախության հռչակագիր, որի համաձայն վենեսուելացիները որոշում կայացրեցին հեռանալ իսպանական թագի իշխանությունից նոր անկախ պետություն ստեղծելու նպատակով։

Հռչակագրի տակ ստորագրեցին տասը նահանգներից յոթի ներկայացուցիչները։ Վենեսուելայի անկախության հռչակագրի գլխավոր հեղինակներն էին Կրիստոբալ Մենդոսան և Խուան Էրման Ռոսկիոն։ Այն վավերացվել է Կոնգրեսի կողմից 1811 թվականի հուլիսի 7-ին։ Հռչակագրի ստորագրման օրը Վենեսուելայում նշվում է որպես Անկախության օր։

Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանին 

1921թ-ի հուլիսի 5-ին Մոսկվայի թելադրանքով և Իոսիֆ Ստալինի անմիջական միջամտությամբ որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։

Դրա նախորդ օրը՝ հուլիսի 4-ին, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրել էր լիագումար նիստ, որի ընթացքում նույնպես հաստատվել էր Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Կուրսկի ճակատամարտը

1943թ-ի հուլիսի 5-ին սկսվեց 2-րդ Աշխարհամարտի պատմության և առհասարակ պատերազմների պատմության մեջ խոշորագույն ռազմական գործողություններից մեկը՝ Կուրսկի ճակատամարտը։ Խորհրդային բանակի հաղթանակը վերջնական բեկում մտցրեց հայրենական պատերազմում, որից հետո խորհրդային զորքերը սկսեին անկասելի և սրընթաց հակահարձակումը ճակատի ողջ երկայնքով։  Կուրսկի ճակատամարտը պատմության մեջ անվանվում է նաև «Տանկերի» ճակատամարտ, որովհետև այս ռազմական գործողության ժամանակ երկու կողմերից ներգրավված է եղել հսկայական թվով զրահատեխնիկա։

Կուրսկի ճակատամարտում Խորհրդային զորքը 254,470 մարդ է կորցրել, ավելի քան 100 հազար մարդ պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով, 231 հոգի արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման։

ՀՀ առաջին Սահմանադրությունը

1995թ-ի Սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկը

1995թ-ի հուլիսի 5-ին համազգային հանրաքվեի արդյունքում ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Այդ օրը տեղի ունեցան նաև Հայաստանի առաջին գումարման ազգային ժողովի ընտրությունները։

Հայաստանի պետականության ողջ պատմության ընթացքում սա բացառիկ իրադարձություն էր, որովհետև պատմության նոր և նորագույն փուլերում սա առաջին անգամն էր, երբ Հայաստանի անկախ Հանրապետությունը ունենում էր Սահմանադրություն։  Հետագա տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան 2 սահմանադրական բարեփոխումներ․ դրանց արդյունքում Հայաստանն ամբողջովին անցում կատարեց դեպի խորհրդարանական կառավարման ձևի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում