ՀՀ–ն և Վրաստանը կհամագործակցեն ապօրինի ռեզիդենտների հետընդունման հարցում

ՀՀ–ն և Վրաստանը կհամագործակցեն ապօրինի ռեզիդենտների հետընդունման հարցում

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում հավանություն  է տվել  «ՀՀ և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի)  մասին» համաձայնագրի կնքման առաջարկին։

Ըստ նախագծի` համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից: Երկու պետությունների միջև նման համաձայնագրի կնքումը կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը և Վրաստանը սահմանակից պետություններ են:

Միջազգային այս պայմանագրի կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու երկրների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում:

Համաձայնագրով իրավական հիմք կստեղծվի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու և հարցազրույցների անցկացման կարգերը, անձի հետընդունման մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2014թ. հունվարի 1-ից: Մինչ այս Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում