Հայաստանի որոշ դպրոցներում դասավանդում են ադրբեջաներեն և թուրքերեն
Նմանատիպ
Հայաստանի 12 դպրոցներում 2022-2023 ուսումնական տարում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից՝ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան։
Նախարարությունն ընդգծել է, որ ադրբեջաներեն և թուրքերեն սովորում են բացառապես 10-12-րդ դասարանների աշակերտները:
2022-2023 ուսումնական տարում տարածաշրջանային լեզուների ուսուցում է կազմակերպվել 33 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 13-ում սկսել են սովորել պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 12-ում՝ թուրքերեն և 4-ում՝ ադրբեջաներեն: Իսկ «Մխիթար Հերացի» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում ուսումնասիրել են բոլոր չորս լեզուները:
Նախարարությունից հայտնել են, որ ևս 400 դպրոց ցանկություն է հայտնել մոտ ապագայում սկսել տարածաշրջանային լեզուների (թուրքերեն, ադրբեջաներեն, վրացերեն և պարսկերեն) դասավանդումը:
«Հաստատությունները տեղեկատվություն են տրամադրել նաև մասնագետի առկայության կամ բացակայության մասին։ Ցանկություն հայտնած դպրոցների զգալի մասը չունի համապատասխան մասնագետ»,- ասել է գերատեսչությունը։
Կրթության նախարարությունից հայտնել են, որ կրթական հաստատությունները տեղեկացվել են՝ համապատասխան մասնագետի առկայության դեպքում կարող են ինքնուրույն կազմակերպել տարածաշրջանային լեզուների ուսուցումը։
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ներկայումս Հայաստանի բոլոր դպրոցներում 2-րդ դասարանից ռուսերեն, ինչպես նաև որևէ այլ օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) են անցնում: Այսուհետ դպրոցները կարող են նաև երրորդ լեզու ընտրել (եթե պետությունը նման հնարավորություն ապահովի)։ Մասնավորապես, ուշադրություն է դարձվելու տարածաշրջանի երկրների լեզուներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում