Դպրոցները կունենա 2 տնօրեն․ նախարարի տեղակալ
Նմանատիպ
Դպրոցներում կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին կվերապահվի տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։
Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հանրակրթության ոլորտում իրականացվում են մի շարք հիմնարար բարեփոխումներ։ Նա տեղեկացրել է, որ ըստ կառավարման նոր մոդելի` դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատվել են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվել է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։
Անդրադառնալով Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, նոր ուսումնական տարվանից այն ներդրվելու է մյուս մարզերի և Երևանի բոլոր դպրոցներում: Այդ նպատակով դասավանդող բոլոր ուսուցիչների համար կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ: Ըստ փոխնախարարի՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացն ուղղված է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների կարողությունների, հմտությունների և դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը:
Նշենք, որ կողմերը քննարկել են նաև նախարարության և ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները, մասնավորապես անդրադարձ է եղել ուսուցիչների վերապատրաստման և կրթական նյութերի մշակմանն ու հետագա տարածմանն առնչվող հարցերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում