Կգործարկվի Հայաստանում տվյալների մշակման ամենախոշոր մասնագիտական կենտրոնը
Նմանատիպ
Հայաստանում կառուցվում է տվյալների մշակման մասնագիտական կենտրոն, որն ամենախոշորը կլինի ՀՀ-ում և կգործարկվի 2024 թվականի առաջին եռամսյակում: «Արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպում. նոր բիզնես մոդելներ և տեխնոլոգիաներ» հայ-ռուսական համաժողովի շրջանակում այս մասին հայտարարել է «Ռոստելեկոմ․ Արմենիա»-ի տվյալների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Ալեքսեյ Բոգաչովը։
Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունել է «Ռոստելեկոմի» հայաստանյան դուստր-ընկերությունը։ Նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ֆինանսական հատվածի, այլև ընդհանրապես բիզնեսի համար։
«Կենտրոնը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Այն կապահովվի համակարգերի անհրաժեշտ պահուստավորմամբ, ինչը անխափան աշխատանք կապահովի. դրանք են՝ էլեկտրաէներգիան, հրդեհի մարումը, անխափան սնուցումը, կապի երկու առանձնացված ուղիները»,- ասել է Բոգաչովը։
Տվյալների մշակման կենտրոնի ընդհանուր հզորությունը 2 ՄՎտ է: Կգործարկվեն 200 կանգնակներ՝ օպերատիվ հզորությունների ավելացման հնարավորությամբ, ինչպես նաև ամպային սերվիս։ Բոգաչովը պարզաբանեց, որ սարքավորումների առևտրային տեղակայումն ու տվյալների կենտրոնի գտնվելու վայրը հասանելի կլինեն 2024 թվականի հունվարից, իսկ ինտերփրայս ամպային ենթակառուցվածքը՝ նույն տարվա մայիսից։
Նա նշել է, որ ընկերությունը 2022 թվականից տեղական և միջազգային հաճախորդներից բազմաթիվ հարցումներ է ստանում ՏՏ ենթակառուցվածքը ամպերի վերածելու, ամպային ծառայությունների մատուցման, ինչպես նաև սեփական ՏՏ սարքավորումները աութսորսին փոխանցելու անհրաժեշտության մասին։
«Բիզնեսի և պետական հատվածի համար միշտ կարևոր գործոն է անվտանգության հարցը՝ հանրապետության ներսում տվյալների պահպանումը։ Հայաստանին անհրաժեշտ է տվյալների պահուստավորումը և դրանց պաշտպանությունը»,- ընդգծել է Բոգաչովը։
Նա նաև ասել է, որ օտարերկրյա ընկերությունների շրջանում պահպանվում է բարձր հետաքրքրությունը Հայաստանում սեփական բիզնեսի զարգացման նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում