14 մլն դոլար. վաճառվել են Ռեմբրանդի վերջին կտավները
Նմանատիպ
Հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ Ռեմբրանդի՝ մասնավոր սեփականություն հանդիսացող վերջին դիմանկարները, որոնք շուրջ 200 տարի գաղտնի էին պահվում, աճուրդում վաճառվել են ընդհանուր 11,2 մլն․ ֆունտ ստեռլինգով (14 մլն դոլար)։
Այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը։
Կտավներում պատկերված են Յան Վիլեմս վան դեր Պլյումը և նրա կինը՝ Յապգեն Կարելսը: Դրանք թվագրված են 1635-ին: Արվեստի այս նմուշները թաքնված էին հանրության աչքից մոտ 200 տարի. դրանք վերջին անգամ աճուրդի էին հանվել Բրիտանական աճուրդի տան կողմից՝ 1824թ-ին:
Օվալաձև յուղանկարները՝ մոտ 20 սմ բարձրությամբ, հայտնաբերել է Christie’s-ի ներկայացուցիչ Հենրի Փեթիֆերը՝ ընտանիքի մասնավոր արվեստի գործերի հավաքածուի գնահատման ժամանակ: Նրա խոսքով՝ դա չափազանց տպավորիչ բացահայտում էր:
Այս դիմանկարները հետազոտվել են երկու տարի, նախքան տարեսկզբին Նիդերլանդների Պետական թանգարանի՝ Ռեյկսմյուզեումի գիտնականները հաստատել են, որ դրանք Ռեմբրանդի աշխատանքն են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում