Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի վերաբերյալ որոշումը
Նմանատիպ
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի վերաբերյալ որոշումը, որը կայացրել էր 2023 թվականի փետրվարի 22-ին։
Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո Հայաստանը դատարանին խնդրել էր լրացնել որոշումը։
«2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով»,– ասված է հաղորդագրությունում։
Դատարանը վերահաստատել է իր նախորդ որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները` երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` 2022թ–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան միայն ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ էր տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
2023թ փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի, Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում