Օրենսդրական փոփոխություն շահումով խաղերի ոլորտում
Նմանատիպ
Ինտերնետ շահումով խաղ կազմակերպողի սերվերում ամեն խաղացողի համար պետք է ստեղծվի հատուկ խաղային հաշիվ։ Այսօր՝ հունիսի 7-ին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։
«Այդ և մյուս կանոնները չկիրառելու դեպքում կգործի պատժամիջոց` 200 հազար դրամի չափով»,– ասել է նախագծի հեղինակը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նախագծով առաջարկվում է ոչ միայն անկանխիկ դարձնել շահումով խաղերի մասնակցությունը, այլև լինի խաղացողի բանկային քարտի ու խաղային հաշվեկշռի նույնականացում։
Ըստ Պապոյանի` պատճառն այն է, որ եղել են դեպքեր, երբ նպաստառու անձը կանխիկացրել է գումարը և մեկ ուրիշի քարտով մասնակցել շահումով խաղի։ Այս նախագծով իշխանությունները ցանկանում են բացառել այլ անձանց քարտերով մասնակցությունը շահումով խաղին։
«Սրանով նաև լուծվում է մեկ այլ խնդիր։ Օրինակ` գործատուն կարող է աշխատանքից ազատել խաղամոլ աշխատակցին։ Այս կանոնն այսօր գործում է մասնավոր շատ ընկերություններում, այժմ ցանկանում ենք, որ այս կարգավորումը տարածվի նաև պետական հիմնարկներում։ Մեզ հատկապես մտահոգում է ուժային կառույցներում այս արատավոր երևույթի բացառումը»,– ընդգծել է պատգամավորը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հավելել է, որ հատկապես կորոնավիրուսից հետո համաշխարհային ընդհանուր խաղադրույքների աճը կազմել է 20-30 տոկոս, մինչդեռ ՀՀ–ում պատկերն առավել մտահոգիչ է։ Ըստ ՊԵԿ–ի տվյալների` վերջին երկու–երեք տարում ՀՀ–ում կրկնակի ավելացել են այդ ցուցանիշները։ «Այսինքն` մեզ մոտ աճն ավելի արագ է, քան համաշխարհային միտումը։ Սա անհանգստանալու տեղիք է տալիս»,– նշել է փոխնախարարը։
Հիշեցնենք, որ հունիսի 22–ին ՀՀ կառավարությունը որոշել է ինտերնետ շահումով բոլոր խաղերի մասնակցությունը դարձնել անկանխիկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում