Դիանա Աբգար․ առաջին կին դիվանագետի հիշատակին

Դիանա Աբգար․ առաջին կին դիվանագետի հիշատակին

Դիանա Աբգարը առաջին կին դիվանագետն է արդի պատմության մեջ: Նա Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպանն է եղել: Իսկ մինչ այդ Ճապոնիայում ապաստարան է հիմնել Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։

Սա մեր հայրենակցուհու կյանքն է սեղմագրված, իսկ հիմա՝ մանրամասն:

Մեծահարուստ հայ վաճառական Հովհաննես Աղաբեկը, որը Նոր Ջուղայից գաղթել էր Հնդկաստան, մեծ բիզնես ուներ: Հնդկաստանն այդ շրջանում մեծ հնարավորությունների երկիր էր առևտրականների համար, իսկ բազմաշնորհ հայերին այն մեծ հնարավորություններ էր տալիս կայանալու ու բիզնեսը զարգացնելու: Հովհաննես Աղաբեկը հենց այդ տաղանդավոր ու հաջողած հայերից էր: 1859-ին նրա ընտանիքում յոթերորդ երեխան է ծնվում՝ Անահիտը:

Անահիտին մենք չենք ճանաչում, իսկ այ Դիանա Աբգարին աշխարհն է ճանաչում: Ի դեպ, Դիանա Աբգարը նույն Անահիտն է:

Այդ ժամանակ աղջիկներին շուտ էին ամուսնացնում, իսկ մինչ իր տարեկիցներն ամուսնանում ու երեխաներ էին ունենում, Անահիտը սանսկրիտ էր ուսումնասիրում, անգլերեն սովորում:

29 տարեկանում, իսկ սա աղջկա համար պատկառելի և շատ ուշացած տարիք էր ընտանիք կազմելու համար, մեծահարուստ վաճառական Հովհաննես Աղաբեկի դուստրն ամուսնանում է մեծահարուստ վաճառական Միքայել Աբգարի հետ: Միքայելը կնոջը Դիանա էր անվանում: Հենց այսպես Անահիտը դարձավ Դիանա Աբգար:

Մեղրամիսը զույգն անցկացրել է Հեռավոր Արևելքում: Ճանապարհորդություններից տպավորված Դիանա Աբգարը պատմություններ էր գրում տեղացիների, ավանդույթների, հիմնախնդիրների մասին: Այդ պատմվածքները ճանաչում ու հաջողություն բերեցին հեղինակին, այսիսով, նա դարձավ Ճապոնիայի ամենապահանջված անգլալեզու հեղինակը: Նույնիսկ նրանից պատմություններ էին ուզում հեղինակավոր «Թայմսն» ու «Ֆիգարոն»։

Իր ճանաչումը, շփումը հեղինակավոր անձանց հետ, պահանջվածությունը հռչակավոր լրատվամիջոցների կողմից Դիանային օգնեցին Ադանայից բռնագաղթած, ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերին օգնելու ու խնդիրները աշխարհին հասանելի դարձնելու հարցում:

Այդ ժամանակ համաշխարհային մամուլը գրում էր, որ Դիանա Աբգարի առևտրի տունը հայ փախստականների համար վերածվել էր դիվանագիտական առաքելության, իսկ տունը`կացարանի։

1918-ին Դիանա Աբգարի գործունեության շնորհիվ Ճապոնիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը։ Իսկ Սևրի պայմանագրի ստորագրման նախաշեմին, Հայսատանի վարչապետ և ԱԳ նախարար Համազասպ Օհանջանյանը Դիանա Աբգարին դիվանագիտական ներկայացուցիչ և Հայաստանի գլխավոր հյուպատոս նշանակեց Հեռավոր Արևելքում, իսկ Ճապոնիայում` Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Աշխարհի արդի պատմության առաջին կին դիվանագետի աճյունն ամփոփված է Յոկոհամայում՝ օտարերկրացիների գերեզմանատանը` ամուսնու կողքին: Նրանց շիրիմը գտնվում է Տոկիոյում գործող ճապոնա-հայկական բարեկամության խմբի հոգածության տակ, այնպես որ 86 տարի անց էլ հայ փախստականների ասած՝ «Հայ ժողովրդի մայր» Դիանայի շիրիմը խնամված է ու կոկիկ:

Հուլիսի 8-ը առաջին կին դիվանագետի հիշատակի օրն է:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում