Պատմության 5 ամենամեծ կայսրությունները
Նմանատիպ
Պատմության ամենավաղ փուլերից սկսած աշխարհի տարբեր հատվածներում առաջացել են հզոր կայսրություններ, որոնք ծավալվել են ու հսկայական ազդեցություն թողել մարդկային քաղաքակրթության զարգացման վրա։
Բաբելոն, Աքեմենյան Պարսկաստան, Ալեքսանդր Մակդեդոնացի, Հռոմեական Կայսրություն․․․ այս պետական կազմավորումներից յուրաքանչյուրը առանցքային դեր է խաղացել պատմական կոնկրետ ժամանակաշրջանում․ դրանք ընդգրկել են ահռելի տարածքներ, երբեմն՝ գրեթե ողջ բնակեցված հայտնի աշխարհը։ Սակայն արդյո՞ք դրանք են այն կայսրությունները, որոնց հաջողվել է նվաճել ամենամեծ տարածքները։
Times-ը ներկայացնում է 5 կայսրություններ, որոնք պատմական ամբողջ ժամանակահատվածում կարողացել են նվաճել ու իրենց ենթարկեցնել առավել մեծ տարածքներ։
5․ Իսպանական գաղութային կայսրություն
15-րդ դարում աշխարհագրական մեծ հայտնագործությունները փոխեցին աշխարհը․ եվրոպացիներին նախկինում անհայտ տարածքները Ամերիկա մայրցամաքում դարձան անծայրածիր գաղութների ու հսկայական հարստության աղբյուր։ Իսպանացի և պորտուգալացի նավագնացներն այս գործի պիոներներն էին, և դա էր պատճառը, որ Պիրենեյան թերակղզու 2 պետությունները շատ արագ վերածվեցին գաղութային կայսրությունների։
Իսպանիան 16-րդ դարում վերածվեց ահռելի կայսրության․ այն համարվում էր Եվրոպայի ամենազորեղ տերությունը, որն ուներ անպարտելի նավատորմ և մարտունակ բանակ։ Իսպանացիներին հաջողվեց նվաճել գրեթե ողջ Ամերիկան՝ Լուիզիանայից մինչև Արգենտինա։ Իսպանական գաղութային կայսրությունը գոյատևել է 1492-1976թթ-ին։ Իր պիկում՝ 1810թ-ին, այն զբաղեցնում էր 13․7 մլն․ կմ2 տարածք 68 մլն․ բնակչությամբ։ Նրա կազմի մեջ էին մտնում ներկայիս ԱՄՆ-ի Տեխաս, Ֆլորիդա, Լուիզիանա, Կալիֆոռնիա, Նյու Մեքսիկո նահանգները, Մեքսիկան, ամբողջ կենտրոնական Ամերիկան, Վենեսուելան, Կոլումբիան, Էկվադորը, Պերուն, Բոլիվիան, Պարագվայը, Արգենտինան, Չիլին և Ուրուգվայը։ Բացառություն էր կազմում միայն Բրազիլիան, որտեղ իշխում էր Պորտուգալիան։
Իսպանական գաղութային կայսրության մաս էին կազմում նաև Ֆիլիպիններն ու Կուբան, Մարոկկոն, Արևմտյան Սահարան և այլ տարածքներ Աֆրիկայում։ Իսպանական կայսրության ազդեցությունը համաշխարհային քաղաքակրության վրա ահռելի է։ Իսպաներենն այսօր համարվում է աշխարհում 3-րդ ամենաշատ կիրառվող լեզուն՝ Չինարենից և անգլերենից հետո։
4․ Ցին դինաստիա (Չինաստան)
Չինաստանն աշխարհի ամենահին պետություններից մեկն է, որտեղ սկզբնավորվել ու մինչև այժմ իր հզոր ազդեցությամբ պահպանվում է չինական քաղաքակրթությունն ու մշակույթը։ Սակայն երկրի քաղաքական պատմությունը բաժանվում է մի շարք փուլերի ու շրջանների, որոնցից յուրաքանչյուրը անվանվում է տարբեր իշխող դինաստիաների անունով։
Ցին դինաստիան Չինական կայսրության վերջին դինաստիան է եղել, որի կառավարման շուրջ 300 ամյա ընթացքում (1644-1912թթ․) Չինաստանն ընդգրկել է իր պատմության մեջ ամենամեծ տարածքը՝ 14․7 մլն․ կմ2՝ ունենալով շուրջ 435 մլն․ բնակչություն։ Համեմատության համար նշենք, որ ժամանակակից Չինաստանը, որը համարվում է տարածքի մեծությամբ աշխարհի 3-րդ պետությունը Ռուսաստանից և Կանադայից հետո, զբաղեցնում է 9.6 մլն․ կմ2 տարածք։
Ցին Կայսրության կազմի մեջ են մտել ժամանակակից Չինաստանը, Մոնղոլիան, Ռուսաստանի հեռավոր արևելքը, և հնդկաչին թերակղզու որոշ հատվածներ։
3․ Ռուսական Կայսրություն
Ժամանակակից աշխարհի ամենամեծ պետությունը Ռուսաստանն է․ այն ժառանգորդն է Ռուսական Կայսրության, որը սկիզբ է առել 1721թ-ից և պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ 1917թ-ին հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։
Ռուսական Կայսրությունն ընդգրկել է ահռելի տարածքներ՝ 22․8 մլն․ կմ2, որտեղ ապրել է 176 մլն․ մարդ։ Կայսրությունն ընդգրկել է նախկին ԽՍՀՄ-ի բոլոր պետությունները, Կարսի մարզը, Լեհաստանը, Ֆինլանդիան, ինչպես նաև Ալյասկա թերակղզին։
Չնայած անհավանական չափերին՝ Ռուսական Կայսրությունն իր մեծությամբ պատմության մեջ 3-րդն է։
2. Մոնղոլական Կայսրություն
Չինգիզ Խանի ստեղծած մոնղոլական պետությունը շատ կարճ ժամանակում կարողացավ վերածվել նախկինում չտեսնված կայսրության, որը բառացիորեն գրավեց աշխարհի կեսը։
1206-1368թթ-ին Չինգիզ Խանն ու նրա ժառանգները կատարեցին անհավանական նվաճումներ։ Նրանց կայսրության մաս էին կազմում ամբողջ Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Ռուսաստանի հարավ-արևմտյան հատվածները, Ուկրաինան, Բելառուսը, Իրանը, Հայկական բարձրավանդակը։ Մոնղոլական տերությունը երկար կյանք չունեցավ․ շուտով այն բաժանվեց 4 մեծ խանությունների, որոնցից յուրաքանչյուրն ապրեց իր դերը պատմության մեջ։
Մոնղոլական Կայսրությունն իր զենիթում զբաղեցրել է 24 մլն․ կմ2 տարածք և ունեցել 110 մլն․ բնակչություն։
1․ Բրիտանական գաղութային կայսրություն
Մարդկության պատմության ողջ ընթացքում ոչ մի պետական կազմավորում չի կարողացել իրեն ենթարկել ավելի ընդարձակ տարածքներ, որքան Մեծ Բրիտանիան։ Ինչպես Իսպանիայի դեպքում, այնպես էլ Մեծ Բրիտանիայի պարագայում կայսրության ձևավորման մեկնարկը տրվեց աշխարհագրական մեծ հայտնագործություններին զուգահեռ․ բրիտանացիները սկզբում սկսեցին ուսումնասիրել և գաղութացնել Հյուսիսային Ամերիկան, իսկ հետագա դարերի ընթացքում բրիտանական գաղութնարեը տարածվեցին աշխարհի բոլոր մայրցամաքներում։
Արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհի ամենաառաջատար պետությունը։ Նրա տնտեսական ու ռազմական հզորությունը հավասարը չուներ։ Արդյունքում, ինչպես հաճախ նշվում է գրականության մեջ, Մեծ Բրիտանիայի կալվածքներում արևը երբեք մայր չէր մտնում։
Կանադա, Աֆրիկա, Ավստրալիա, Հնդկաստան, ավելի քան 35․5 մլն․ կմ2 տարածք և 458 մլն բնակչություն։ Սա Բրիտանական Կայսրությունն էր, որը փլուզվեց 2-րդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ տասնյակ պետություններ անկախություն ստացան Աֆրիկայում, իսկ Բրիտանական դոմինիոնները վերջնականապես անջատվեցին Միացյալ Թագավորությունից։ Այժմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը կղզի պետություն է Եվրոպայի հյուսիսում, որն իր տարածքով զիջում է նախկին գրեթե բոլոր գաղութներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում