Ակսել Բակունց. «Ժողովրդի թշնամի» հռչակված գրողը
Նմանատիպ
«Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից, տավարածների կյանքից: Լսում էր թաքուն համակրանքով, և ես զգում էի դա:
«Քեզնից հողի հոտ եմ առնում», – մի օր ասաց ինձ, և ես թախիծ զգացի նրա աչքերում». Վախթանգ Անանյան
Նա Ակսել Բակունցն էր, որը նկարում էր հայրենի բնությունը, գյուղական կյանքը բառերով…
Իմ սուբյեկտիվ կարծիքով, եթե հայրենական արձակում բնությունն այդքան գեղեցիկ ու մանրամասն տեսնողն ու նկարագրողը Բակունցն է, պոեզիայում՝ Սահյանը: Բակունցի ֆենոմենը մինչ օրս հիացնում ու զարմացնում է գրականագետներին ու գրաքննադատներին: Տպավորություն է՝ նրա գիրը բնության պես անթերի, հիասքանչ ու անքննելի է:
«…Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան…»
Սա Բակունցի «Ալպիական մանուշակը» պատմվածքից մի նախադասություն է ընդամենը: Եթե նրա գիրը պատեթիկ թվա, ուրեմն չեք եղել հայրենի Սյունիքում:
Գորիսի Մաշտոցի 41 հասցեում է ծնվել Բակունցը: Նրա տանը գործում է գրողի տուն-թանգարանը, որտեղ մի քանի հարյուրյակ ցուցանմուշներ կան Բակունցին պատկանող:
Այսօրվանից այնտեղ գործում է «Բակունցի ճակատագրի բացահայտման հետքերով. ընտանեկան փաստաթղթեր (1945-1956թթ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Բակունցը բզեզի կյանք է ունեցել՝ միշտ շարժման մեջ, վտանգներից ու կյանք արժեցող փորձություններից անպակաս: Մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին, աշխատել է՝ որպես ուսուցիչ, զբաղվել է գյուղատնտեսությամբ և, իհարկե, գրել է…
«…Էս խոր ձորերում էս է՝ չորս քսան տարիս լրացավ, ոչ մի խնդություն տեսա իմ օրում, ոչ էլ մի անգամ աչքս լիացավ…»
Սա Բակունցի «Անձրևը» պատմվածքից է, որում այս խոսքերը վերագրվում են տեսիլք-ծերունուն: Իրականում սա կարել է վերագրել հեղինակին: Բակունցի բարդ ու դժվար կյանք է ունեցել. կյանքը ո՞րն է, գոյակռիվ՝ իսկական, առանց չափազանցության:
30-ականներին «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեության» համար Ստալինը բանտարկել է տալիս մի շարք մտավորականների, որոնց թվում Բակունցն էր: Նրա դատական նիստն ընդամենը 25 րոպե է տևում և ավարտվում գնդակահարման որոշմամբ…
«Իմ գրքերը արգելված են, իմ սահմանափակ խցիկը կտրված է նորմայի չափով, ես զրկված եմ օրենքով նախատեսված իրավունքով պաշտպանելու իմ շահերը»:
1937-ի հուլիսի 8-ին Բակունցին գնդակահարում են…
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բակունցի մոր` Բոխչագյուլ Խուրշուդյանի անունից եղբայրը` Վահան Բակունցը դիմել է ԽՍՀՄ բարձրագույն կոմիտեին՝ խնդրանքով, որ ձերբակալված Բակունցին ազատ արձակեն: 1946-ի նոյեմբերի 29-ին ի պատասխան` բարձր ատյանից հեռագրել են, իբր նրա որդին մահացել է 1945-ի նոյեմբերին ծանր հիվանդությունից:
«Բանտում Բակունցը գրում էր ծխախոտի փոքրիկ թղթիկների վրա լուցկու այրված ծայրով, որոնք պահպանելը հնարավոր չէր, քանի որ այրված լուցկու փոշին թղթի վրայից անէանում էր: Նրա մեջ կար գրելու ծարավ, կուտակված մտքեր ու պատկերներ, բայց ոչ թուղթ կար, ոչ էլ թանաք»:
Սա Բակունցի վերջին օրերի ընկերոջ՝ բանտային կյանքը հետը կիսած Գուրգեն Մանուկյանի հիշողություններից է:
«Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով։ Դա Ակսել Բակունցն է։ Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է» Ավետիք Իսահակյան
Գնդակահարության ժամանակ Ակսել բակունցը դեռ չէր բոլորել կյանքի 38-րդ տարին, բայց այդ կարճ կյանքում նա հասցրել էր ապագա ընթերցողին թողնել պատմվածքներ, որոնք հետագայում հիացնելու էին ոչ միայն հայ ընթերցողին: Նա գիտեր ինչպես գրավել մարդու սիրտն ու հոգին, ինչպես գրել, որ թվա, թե ինքդ ես զգում ու տեսնում այն աշխարհը, որը Բակունցը թողել է քեզ:
Գնդակահարության պահին էլ նա ափսոսում էր, որ անավարտ են մնացել «Աբովյան» և «Կարմրաքար» վեպերը, մինչդեռ նա նպատակ է ունեցել վիպերգության վերածել նաև թոնդրակեցիների շարժումը:
Բակունցի կյանքը կիսատված երազանքների, նպատակների ու հույսերի մասին է: Սա կյանքի դաժան պատմություն է, որտեղ անմեղներին զոհում են, իսկ խաբելը սովորական պետական քաղաքականություն է…
Բակունցի մայրն այդպես էլ չիմացավ որդու գնդակահարության մասին: Դրա մասին չգիտեր նաև կինը՝ Վարվարան: Բակունցի գնդակահարությունից հետո նրան ասել էին, թե գրողին աքսորել են, մինչդեռ օրեր անց «ժողովրդի թշնամու» կին լինելու պատրվակով ձերբակալեցին ու աքսորեցին Վարվարային: Աքսորից վերադառնալուց հետո Վարվարան այդպես էլ չասաց Բակունցի մորը, որ Ակսելին գնդակահարել են: Գրողի մայրը մինչ կյանքի վերջ մնաց որդուն սպասելով…
«Ծանր է, շատ ծանր…Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշեր է, թե ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում…»։
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում