Դեռ վաղ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու համար․ Բայդեն

Դեռ վաղ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու համար․ Բայդեն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, CNN-ին տված հարցազրույցում, ասել է, որ Ուկրաինան դեռ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն կկարողանա դիտարկել Ուկրաինայի անդամակցության հարցը միայն պատերազմի ավարտից հետո։

Բացատրելով մինչև պատերազմի ավարտը Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու անհնարինությունը՝ Բայդենը նշել է, որ հակառակ դեպքում դա կնշանակի դաշինքի երկրների կողմից բաց առճակատում Ռուսաստանի դեմ։

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները կշարունակեն Կիևին մատակարարել զենքեր՝ ռուսական անհիմն ներխուժումից պաշտպանվելու համար:
Բայդենի հետ հարցազրույցը հրապարակվել է նրա՝ եվրոպական շրջագայության մեկնարկի օրը, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը ներկա կգտնվի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Վիլնյուսում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում