Պատմության մեջ այս օրը․ հուլիսի 10

Պատմության մեջ այս օրը․ հուլիսի 10

Հուլիս 10-ը պատմության մեջ նշանավորվել է մի շարք իրադարձություններով։ Times-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը։

Ալեք Մանուկյան

1996թ-ին կյանքից հեռացավ Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը։

Հայոց ցեղասպանությունից փրկված Ալեք Մանուկյանը Միացյալ Նահանգներ է ժամանել որպես աղքատ գաղթական և իր ջանասիրության ու նվիրումի արդյունքում հասել է հեքիաթային հաջողությունների։ Նա ստեղծել է կոմերցիոն մեծ հաջողություն ունեցած առաջին միձեռանի ծորակի նախագիծը՝ դելտա-ծորակը։

Լինելով մեծ բարեգործ՝ Մանուկյանը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել բարեգործական նախաձեռնություններին, որոնցից շատերն ուղղված են աշխարհասփյուռ հայ համայնքներին։ Դեթրոյթ քաղաքին է նվիրաբերել իր առանձնատունը (Manoogian Mansion), որն այժմ քաղաքապետի նստավայրն է։

1994թ-ին Ալեք Մանուկյանին շնորհվեց ՀՀ քաղաքացիություն և Հայաստանի Ազգային հերոսի կոչում։

Անգլո-ամերիկյան զորքերի իջեցումը Սիցիլիայում

1943թ-ի հուլիսի 10-ին անգլիական և ամերիկյան զորքերը դեսանտ իջեցրին Սիցիլիայում։ Սկսվեց Ֆաշիստական Իտալիայի գրավման գործողությունը, որը տևեց մինչև նույն թվականի օգոստոսի 17-ը։

Իրականացման պահին այն դարձավ պատմության ընթացքում երբևէ իրականացված ամենախոշոր ծովային դեսանտային գործողությունը։ Հետագայում Սիցիլիայի գործողության փորձի հիման վրա դաշնակիցները պլանավորեցին և իրագործեցին Նորմանդիայի ծովային դեսանտային գործողությունը, որը մինչ օրս մնում է զորքերի ափիջեցման ամենախոշոր գործողությունը։

Սիցիլիայի գործողությունը հասավ իր նպատակներին․ անգլո-ամերիկյան ուժերին հաջողվեց ջախջախել իտալա-գերմանական ուժերին Սիցիլիա կղզում, որից հետո դաշնակիցները 6 շաբաթվա ընթացքում գրավեցին ամբողջ Իտալիան, իսկ նրա առաջնորդ Բենիտո Մուսոլինին ձերբակալվեց։

Մուշի կոտորածը

1915թ-ի հուլիսի 10-ին Օսմանյան կայսրությունում սկսվեց Մուշ քաղաքի և հարակից բնակավայրերի հայ բնակչության կազմակերպված կոտորածը։ Մուշի 15 000 հայերից փրկվել են միայն 500-ը, իսկ գավառի 59 000 հայ բնակչությունից` միայն 9 000-ը:

Մշեցի տարագիրների որոշ խմբեր 1917 – 1918 և 1927 թթ. հաստատվել են ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Գետաշեն, Հոկտեմբերյան, Արագածի շրջանի Հնաբերդ և այլ գյուղերում։ Մուշում և նրա շրջակայքում պահպանված հնագիտական նյութերը հաստատում են, որ այն Հայկական լեռնաշխարհի ամենահնագույն բնակավայրերից է։

Մրցավարական սուլիչ

1878 թվականի հուլիսի 10-ին, Անգլիայում ֆուտբոլային հանդիպումներից մեկի մրցավարն առաջին անգամ օգտագործեց սուլիչը: մրցավարները ֆուտբոլում հայտնվել են 1873 թվականից: Այն ժամանակ ընդունված էր, որ մրցավարն իր նախաձեռնությամբ չէր կարող միջամտել խաղին: Նրա պարտակությունն էր հետևել ժամանակին, նշումներ կատարել խաղի վերաբերյալ, խաղից հեռացնել կամ նշանակել ֆուտբոլիստների, ինչպես նաև լուծում տալ այն հարցերին, երբ կողմերին չէր հաջողվում ինքնուրույն լուծել:

Մինչև 1878 թվականը մրցավարները սուլիչ չեն ունեցել, իսկ խաղը ղեկավարելու համար օգտագործում էին միայն իրենց ձայնն ու ժեստերը, երբեմն էլ գործի էին դրվում զանգերը, որպեսզի կարևոր որոշում կայացնելիս գրավեին ֆուտբոլիստների ուշադրությունը: Սկզբում պրոֆեսիոնալ մրցավարներ չկային, խաղը դատում էին ֆուտբոլասերները` բժիշկներ, գրողներ և այլն:

Ֆուտբոլում սուլիչի օգտագործման առաջին դեպքը հիշատակվեց ծիծաղաշարժ պատմությամբ: 1878 թվականի հուլիսի 10-ին ֆուտբոլային հանդիպումը դատում էր մի ոստիկան, և երբ խաղի ժամանակ ծեծկռտուք սկսվեց, նա, առանց մտածելու, սուլեց: Վախեցած մարզիկներն անմիջապես դադարեցրին ծեծկռտուքը և շարունակեցին խաղը: Այդ օրվանից սկսած` մրցավարները խաղադաշտում սկսեցին օգտվել սուլիչից:

Նիկոլա Տեսլա

1856թ-ին ծնվել է ազգությամբ սերբ գիտնական, գյուտարար Նիկոլա Տեսլան։  Նա առավել հայտնի է փոփոխական հոսանքի ժամանակակից էլեկտրամատակարարման համակարգում ունեցած իր ներդրումով։ Փորձելով զարգացնել գյուտերը, որոնք նա արտոնագրել ու վաճառել է` Տեսլան մի շարք փորձեր է կատարել մեխանիկական գեներատորներով, էլեկտրական լիցքավորված խողովակներով և վաղ շրջանի ռենտգենյան պատկերներով։ Նա նաև կառուցել է նավակ` անլար կառավարմամբ, որ պատմության մեջ առաջիններից էր։ Տեսլան հայտնի է եղել որպես գյուտարար․ իր լաբորատորիայում ցուցադրել է իր ձեռքբերումները նշանավոր մարդկանց ու հարուստ հովանավորների, աչքի է ընկել նաև հասարակական դասախոսությունների իր վարպետությամբ։

1890-ական թվականների ընթացքում Տեսլան զբաղվել է անլար լուսավորման գաղափարներով և էլեկտրաէներգիայի անլար բաշխմամբ` բարձրավոլտ և բարձր հաճախականության փորձարկումներ կատարելով Նյու Յորքում և Կոլորադո Սփրինգսում։ 1893 թվականին հայտարարել է իր սարքավորումներով անլար էլեկտրահաղորդման հնարավորությունը։ Փորձել է այս գաղափարները կիրառել գործնականում իր անավարտ Wardenclyffe Tower նախագծով, որը միջմայրցամաքային անլար կապ պիտի ապահովեր, սակայն բավարար ֆինանսավորում չի ունեցել իր մտադրություններն ավարտին հասցնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում