Հայաստան է այցելել 1 միլիոն զբոսաշրջիկ
Նմանատիպ
2023 թ. առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 1 մլն զբոսաշրջիկ։
Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը՝ ներկայացնելով առաջին կիսամյակի զբոսաշրջային արդյունքները։
Ըստ նրա` սա մինչև այժմ ունեցած լավագույն ցուցանիշն է։
«Եթե համեմատում ենք 2019թ հետ, որը մինչ օրս մեր ունեցած զբոսաշրջային ամենալավ տարին է եղել, այս տարվա առաջին վեց ամսում արդեն 30 տոկոսի աճ ենք տեսնում։ Եթե 2019 թ. ավարտել ենք 1 մլն 900 հազար ցուցանիշով, ապա այս տարի այս տեմպերով կկարողանանք գերազնացել 2 մլն–ի սահմանը»,- վստահեցրել է Պօղոսեանը։
Նրա խոսքով` ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀ–ն լավագույնս ներկայացնեն ամբողջ աշխարհում, այն ավելի ճանաչելի դառնա հատկապես թիրախային երկրներում։ Բացի այդ, սոցցանցերում տարբեր օգտատերեր ևս հետաքրքիր նյութեր են հրապարակում Հայաստանի մասին։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը տեղեկացրել է նաև, որ փորձում են ընդլայնել համագործակցության շրջանակները, մասնավորապես սեպտեմբերին «Էյր Ֆրանսի» հետ ունեն միջոցառումների ծրագիր, ինչպես նաև «Էյր Բալթիկի» հետ մասնակցում են տարբեր միջազգային ցուցահանդեսների։ Բացի այդ, կոմիտեն ակտիվորեն զարգացնում է կապերը Իտալիայի հետ․ այս պահին երկկողմանի չվերթներ են գործում երեք ուղղությամբ` Հռոմ, Վենետիկ, Միլան։
Պօղոսեանը նշել է, որ այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների 52 տոկոսը եկել է ՌԴ–ից, ապա` Վրաստանից ու Իրանից։
«Այս երկրները վերջին 10 տարում ՀՀ–ով ամենահետաքրքրված երկրներն են։ Մենք նաև ակտիվացնում ենք եվրոպական երկները` Ֆրանսիան, Գերմանիան։ Նաև Դուբայում բավականին հետաքրքիր արշավներ ունենք. բավականին մեծ հոսքեր ենք տեսնում Դուբայից դեպի ՀՀ»,- ընդգծել է Պօղոսեանը։
Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք ՀՀ–ն չեն դիտարկում որպես անվտանգ երկիր ու վիզա չեն տրամադրում իրենց քաղաքացիներին, ապա, նրա խոսքով, այս պահին կոմիտեն ակտիվորեն աշխատում է ՀՀ ԱԳՆ և նաև դեսպանությունների հետ` այդ հարցերը կարգավորելու համար։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն արդեն փոփոխություններ է տեսնում այդ հարցում, օրինակ` Գերմանիան իր կայքում արդեն փոփոխություններ է մտցրել։
Ի դեպ, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ ամռան ընթացքում Երևանում հյուրանոցների պակաս կզգացվի։ Խնդիրը լուծելու համար կոմիտեն զբոսաշրջիկներին սկսել է ուղղորդել նաև մարզեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում