Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ փառատոնը

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ փառատոնը

Հուլիսի 9-16-ը անցկացվելիք Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն բազմաթիվ ֆիլմեր, ինչպես նաև կլինեն քննարկումներ այդ ֆիլմերի ստեղծողների հետ։

Փառատոնը բացել է ամերիկացի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է հինգ երկրում, որոնց թվում է նաև Հայաստանը։ Ֆիլմում համաշխարհային կինոյի աստղեր Ջերալդին Չապլինի (Չարլի Չապլինի դուստրը), Ջոնաս Սմուլդերսի և այլոց հետ միասին նկարահանվել է նաև հայտնի հայ դերասան Սամվել Թադևոսյանը:

Փառատոնի ընթացքում կկայանան Քրիստիան Պեցոլդի «Կարմիր երկինք», Նիկոլա Ֆիլիբերի «Ադամանդի վրա», Քլեր Սիմոնի «Մեր մարմինը», Կոմս Շահբազյանի «Մեր գյուղը», Գեորգի Օվաշվիլիի «Ելենա Գեղեցիկը», Վիմ Վենդերսի «Իդեալական օրեր», Իննա Մխիթարյանի «Պանդոկը», Ջեսիկա Հաուզերի «0 ակումբը», Ակի Կաուրիսմյակիի «Ընկած տերևները», Սերգեյ Դվորցևոյի «Հայկա», ինչպես նաև Տակեսի Կիտանոյի «Պարանոցը» ֆիլմերի երևանյան պրեմիերաները:

Ճապոնացի ռեժիսոր Տակեսի Կիտանոն այս տարվա փառատոնի հատուկ հյուրն է։ Նրանից բացի Հայաստան կժամանեն Կաննի փառատոնի բոլոր մրցանակների դափնեկիրներ Ժան–Պիեռ և Լյուկ Դարդեններ եղբայրները, որոնք 90-ականների վերջերից եվրոպական կինոյի առանցքային դեմքերն են:

Փառատոնի ժյուրիի նախագահն ու պատվավոր հյուրերն են Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի կինոռեժիսոր Լավ Դիասը, ինչպես նաև հայտնի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, օսկարակիր պրոդյուսեր Ջենի Թոմասը և մի շարք հայտնի ռեժիսորներ:

Փառատոնի հատուկ հյուրերի թվում են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևան, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդական Ժոել Շապրոնը, որը տասնամյակներ շարունակ յուրահատուկ «կամուրջ» է եղել այդ տարածաշրջանի և Կաննի կինոփառատոնի միջև:

Հիշեցնենք՝ «Ոսկե ծիրան»-ը Երևանում անցկացվող ամենամյա ամենամեծ կինոփառատոնն է, որը հիմնադրվել է 2004 թվականին՝ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ Անց է կացվում հուլիսին։ Փառատոնն ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում