Ռուսական կենտրոնը Հոլոքոստի թեմայով մրցույթում կներառի նաեւ Հայոց ցեղասպանությունը

Ռուսական կենտրոնը Հոլոքոստի թեմայով մրցույթում կներառի նաեւ Հայոց ցեղասպանությունը

Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» կենտրոնը աշակերտների և ուսանողների շրջանում Հոլոքոստի թեմայով անցկացվող մրցույթում կներառի Հայոց ցեղասպանության թեման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած միջոցառման ժամանակ լրագրողներ ի հետ զրույցում հայտնեց Հոլոքոստի կենտրոնի համանախագահ Իլյա Ալտմանը:

«15 տարի է, որ աշակերտների և ուսանողների շրջանում իրականացնում ենք մրցույթ Հոլոքոստի թեմայով: Երեկ ինձ ցույց են տվել հայ երեխաների հիանալի նկարները, որոնք Հոլոքոստի թեմայով են արվել: Կարծում եմ, որ նմանատիպ նկարներ կլինեն  նաև Հայոց ցեղասպանության թեմայով: Հետագայում մեր մրցույթում, որը մենք հայտարարում ենք նոյեմբերի մեկին, կլինի հատուկ ուղղություն` «Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը. ընդհանուրն ու առանձնահատուկը»»,-ասաց Իլյա Ալտմանը:

Նրա տեղեկացմամբ` դա թույլ կտա, որ հայ դպրոցականները ևս մասնակցեն իրենց կենտրոնի կողմից կազմակերպող գիտաժողովներին, որոնք անցկացնում են Մոսկվայում: «Հայկական համալսարանների ուսանողներն էլ հնարավորություն կունենան մեկնել Փարիզ և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ներկայացնել երիտասարդության դիրքորոշումները, մտքերը»,-նշեց նա:

Իլյա Ալտմանը հույս հայտնեց, որ հայ ուսուցիչներն էլ ավելի քան 40 երկրների դասավանդողներին կմիանան ու կմեկնեն Իսրայել` մասնակցելու հատուկ նրանց համար կազմակերպվող սեմիաներին: «Որպեսզի ցեղասպանության թեման դասավանդեն, պետք է ուսուցիչներին պատրաստել դա անելու համար»,-ավելացրեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում