Երևանում օդատիեզերական ինժեներիա մասնագիտությամբ մագիստրատուրա կբացվի

Երևանում օդատիեզերական ինժեներիա մասնագիտությամբ մագիստրատուրա կբացվի

Երևանի «Ինժեներական քաղաք»-ում օդատիեզերական ինժեներիա մասնագիտությամբ մագիստրատուրա կբացվի։ Ուսումնական ծրագիրը Հայաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծը կլինի։

Ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի համակարգող Անդրանիկ Աղաջանյանը հուլիսի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է որ հայտերի ընդունման ժամկետը կերկարաձգվի մինչև օգոստոսի 19-ը, իսկ բուն դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից։ Առաջին խմբում նախատեսվում է ընդգրկել 20 ուսանող։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` ուսուցման նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել ոչ միայն ուսանողները, այլև այն մասնագետները, որոնք արդեն աշխատում են հանրապետությունում անօդաչուների արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերություններում։

Աղաջանյանը նշել է, որ ուսման վարձը տարեկան կկազմի 600 հազար դրամ։ Դեռևս չկան անվճար տեղեր, քանի որ կազմակերպիչները դրա համար հայտ չեն ներկայացրել ԿԳՄՍՆ։ Ծրագրի հեղինակների կարծիքով` մասնավոր ընկերությունները ծրագրի նկատմամբ բավականաչափ հետաքրքրություն կցուցաբերեն, որպեսզի ֆինանսավորեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կրթաթոշակները։

Ուսումնական դասընթացի շրջանակում մագիստրատուրայում կուսումնասիրեն արհեստական արբանյակների, անօդաչուների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքները, դրանց նախագծումն ու ստուգաչափումը, ինչպես նաև թռչող սարքերի էլեկտրոնային հանգույցների համար օդատիեզերական չափումներն ու ներկառուցված համակարգերի նախագծումը։ Ուսանողները կյուրացնեն նաև այդ հանգույցների աշխատանքի սկզբունքները։

Ուսուցումը բաղկացած կլինի ոչ միայն տեսական մասից, այլև ձեռնարկություններում անցկացվող պրակտիկայից, իսկ ավարտական աշխատանքներն անմիջական առնչություն կունենան ձեռնարկությունում առաջացող իրական խնդիրների հետ (այդ նպատակով դասընթացի կազմակերպիչներն արդեն իսկ բանակցել են ոլորտային ընկերությունների հետ)։

Դասավանդմանը կներգրավվեն բարձրակարգ մասնագետներ, այդ թվում` հայեր, որոնք Եվրոպայում և ԱՄՆ–ում աշխատել կամ աշխատում են օդատիեզերական ոլորտի ձեռնարկություններում։

Նշենք, որ Հայաստանի բուհերում արդեն գործում են թռչող սարքերի գծով մի քանի ուսումնական դասընթացներ և լաբորատորիա։ Օրինակ` Պոլիտեխնիկական համալսարանում գործում է անօդաչուների լաբորատորիա, ԵՊՀ–ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում ուսումնասիրում են կապի բարձր հաճախականության ազդանշանները, Հայ–ռուսական համալսարանում վերջերս բացվել է ռոբոտատեխնիկա մասնագիտությամբ ծրագիր։ Ինժեներական քաղաքում մի քանի տարի է` փոքր արբանյակների հավաքման ուսանողական թիմեր են աշխատում։

Հիշեցնենք, որ «Ինժեներական քաղաքը» գիտաարտադրական կլաստեր է, որտեղ ավելի քան մեկ տասնյակ ճյուղային ընկերություններ կան, ինչպես նաև Պոլիտեխնիկական և այլ համալսարանների ուսանողների համար ուսումնական դասընթացներ են անցկացվում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում