Ալեք Մանուկյան․ Գյուտարար հերոսի պատմությունը

Ալեք Մանուկյան․ Գյուտարար հերոսի պատմությունը

Զմյուռնիան (Իզմիր) և Կոստանդնուպոլիսը Օսմանյան Կայսրության եզակի քաղաքներից էին, որտեղ 1915թ-ին սկսված Հայոց ցեղասպանությունը մասշտաբային բնույթ չստացավ։ Այստեղ շատ էին օտարերկրյա ներկայացուցչությունները, և երիտթուրքական կառավարությունը չէր ցանկանում եվրոպական տերությունների ուշադրությունը գրավել կազմակերպվող հայկական կոտորածների նկատմամբ։ Այդուհանդերձ, 1915թ-ին այս քաղաքներում ևս հայերի կյանքը խիստ ծանրացավ։ Պատանի Ալեք Մանուկյանը ավելի լավ կյանքի փնտրտուքով բռնեց գաղթի ճանապարն ու գրպանում ունենալով ընդամենը 20 դոլար՝ հայտնեց նոր աշխարհում՝ ԱՄՆ-ում։

Իր ծննդավայրում Ալեք մանուկյանը հասցրել էր սովորել ավտոմեխանիկի արհեստը, ուստի ԱՄՆ-ում իր առաջին քայլերը նա սկսեց հենց այս մասնագիտությամբ․ տարբեր ընկերություններում աշխատել է որպես ավտոմեխանիկ, մինչև 1929թ-ին, մեքենաշինության ոլորտում ձեռք բերելով բավական փորձ և գիտելիքներ, հիմնում է իր սեփական «Masco Screw» ընկերությունը, որն ավելի ուշ վերանվանվում է «Masco Corporation»-ի։

Delta ծորակի հաջողությունը 

Ալեք մանուկյանն այն հայերից է, ովքեր մահից փրկվելով հայտնվել են օտարության մեջ և չունենալով ոչ մի կապիտալ՝ իրենց աշխատասիրության և հնարամտության շնորհիվ հասել են հեքիաթային հաջողությունների։ 1940-ականների վերջերին Կալիֆոռնիայից մի գյուտարար շրջում էր ԱՄՆ-ի գործարաններով՝ առաջարկելով գնել իր «հեղափոխական» հայտնագործության հեղինակային իրավունքները։ Հայտնագործության «հեղափոխականությունն» այն էր, որ տաք և սառը ջրերի երկու ծորակների փոխարեն՝ գործում էր միաբռնակ ծորակ։ Ամերիկացի ճարտարագետները հեգնում էին այդ գաղափարը, այն հավանաբար այդպես էլ կմնար թղթի վրա, եթե հայտնագործողը չդիմեր Ալեք Մանուկյանի հիմնած ընկերությանը, որը զբաղվում էր Ford և Chrysler գործարանների համար բարդ մետաղական դետալներ արտադրելով և մատակարարելով։

Ալեք Մանուկյանի փորձառու աչքը միանգամից նկատեց ծորակի նախագծի մեջ հաջողված հեռանկար։ Մանուկյանը գիտակցեց, որ նախագծում կարելի է օգտագործել միայն մեկ շարժվող էլեմենտ, ինչը և՛ ձեռնտու է, և՛ հարմար, և՛ մատչելի։ «Ինչո՞ւ մի բան անել երկու ձեռքով, եթե կարելի է օգտագործել մեկը»,- կասեր նա ավելի ուշ՝ հայտնագործությունն իր անվամբ պատենտավորելուց հետո։ Մինչ այդ գնելով կալիֆոռնիացուց ծորակի հում նախագիծը՝ ընկերության ճարտարագետները Մանուկյանի գլխավորությամբ սկսեցին աշխատել այն ստեղծելու վրա։ 1954 թվականին աշխարհում առաջին միաբռնակ ծորակը պատրաստ էր։ Այն անվանեցին Delta` հունական եռանկյունաձև տառի պատվին, քանի որ միաբռնակ ծորակի վերևի հատվածը եռանկյուն էր հիշեցնում։

Սակայն միաբռնակ ծորակը միանգամից չէ, որ սկսեց մարդկանց տներում տեղ գտնել և օգտագործվել։ Սանտեխնիկայով զբաղվող մի շարք ընկերություններ մերժեցին վաճառել անսովոր ծորակը, այդ ժամանակ Ալեք Մանուկյանը որոշեց ինքնուրույն արտադրել և վաճառել միաբռնակ ծորակները։ Ընդամենը մի քանի օգնականներով նա սկսեց զբաղվել ծորակների վաճառքով, ինչն ինքնին տարօրինակ էր նայվում՝ հաշվի առնելով Ալեք Մանուկյանի՝ ընկերության տնօրեն և մեծահարուստ լինելու փաստը։ Ալեք Մանուկյանը սանտեխնիկայի աշխատողներին զեղչեր էր առաջարկում, նույնիսկ նվիրում էր իր ծորակները՝ միայն թե դրանք տեղադրվեին նորակառույց տներում կամ փոխարինեին վնասված ծորակներին։ Միաբռնակ ծորակներին բնակչությունը շուտ սովորեց. դրանք հարմարավետ էին և շուտ չէին փչանում։

Արդեն 1958 թվականին միաբռնակ ծորակների վաճառքը բերեց այն արտադրողներին մեկ միլիոն դոլար։ Իսկ այսօր Delta Faucet Company-ին 1 միլիոն օրինակ Delta ծորակ է արտադրվում ամեն ամիս։ Այժմ Masco ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում աշխատում է Ալեք Մանուկյանի որդին՝ Ռիչարդ Մանուկյանը։ Մանուկյան կրտսերի գործարանում միաբռնակ ծորակներն արտադրվում են երեք անվանումներով՝ Delta, Peerless, Sherle Wagner, ծորակների գները տատանվում են 40-ից մինչև 1000 դոլարի սահմաններում՝ կախված մետաղի թանկարժեքությունից։

Հայրենանվեր Բարերարը

1940թ. Մանուկյանն ընտրվում է ՀԲԸՄ-ի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ 1953թ.` ընկերության միջազգային նախագահ:

1968թ. Ալեք Մանուկյանը և կինը` Մարի Մանուկյանը, հիմնում են ՀԲԸՄ-ի Մշակութային ֆոնդը, որի գործունեությունն ուղղված էր հայկական գրական և գիտական աշխատանքների թարգմանությանն և հրատարակմանը, ինչպես նաև հայկական մշակույթն ամբողջ աշխարհով տարածելուն:

Մանուկյանը (ՀԲԸՄի միջոցով) աշխարհի բազմաթիվ քաղաքներում սփյուռքահայության համար բազմաթիվ հայկական դպրոցներ է հիմնել, որոնք բոլորն էլ կրում են Ալեք Մանուկյան անունը: Կառուցել է նաև բազմաթիվ եկեղեցիներ, մշակութային կենտրոններ, թանգարաններ, արտերկրի շատ համալսարաններում հայագիտության ամբիոններ է հիմնել: Մանուկյանն իր բարեգործական ավանդի համար պարգևատրել է միջազգային մրցանակներով, Արգենտինայի նախագահի մեդալով, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա հայ բարերարին Սբ. Գրիգոր Լուսավորիչ խաչ է նվիրել:

1994թ-ին Ալեք Մանուկյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն և Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում։

Հայ մեծ բարերարը մահացել է 1996թ. հուլիսի 10-ին Դեթրոիթում: Նրա մահից հետո ՀԲԸՄ նախագահությունն անցել է դստերը` Լուիզ Սիմոն Մանուկյանին:
Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցներ կան Երևանում, Մոնրեալում և Ստեփանակերտում:

Ալեք Մանուկյանի շիրիմը փոխադրվել է ՀՀ և ամփոփվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում