Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Կոթիում ենթակառուցվածքների արդի համակարգ է գործարկվել
Նմանատիպ
Տավուշի մարզի սահմանապահ Կոթիում տեխնոլոգիական արդի լուծումներով հերթական ծրագիրն է ավարտվել: Գյուղում ավելացել է LED-լուսարձակներով լուսավորված փողոցների թիվը: Տեղադրվել է 54 լուսարձակ, լուսավորվել է շուրջ 2 կմ ճանապարհահատված, այդ թվում՝ դեպի գյուղի մարզադաշտ տանող փողոցը: Այդ փաստից ոգևորվել են հատկապես երեխաները. ստիպված չեն լինի խաղն ընդհատել մթնշաղի պատճառով:
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն չորս տարի կոթեցիների կողքին են՝ երիտասարդ սերնդի վաղվա օրն ավելի լավը դարձնելու նպատակով: Այս ընթացքում մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը խթանող գործընկերներն ընդհանուր առմամբ լուսավորել են 5600 մ ճանապարհահատված, տեղադրել 148 LED-լուսարձակ: Շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագծով գյուղում դա շատ կարևոր է: Հերթական ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքը որոշակի ներդրում է ունեցել արտաքին լուսավորության հենասյուների տրամադրման և դրանց համար որոշված հատվածները փորելու գործում:
«Կոթիի համար նման ծրագրերը մեծ նշանակություն ունեն. գյուղացին իրեն մենակ չի զգում: Դա թույլ է տալիս հողին ավելի ամուր կպած մնալ: Արդեն չորս տարի համագործակցում ենք գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ: Լուծվել են շատ խնդիրներ: Լուսավորվել են գլխավոր, այնուհետև՝ երկրորդական շատ փողոցներ: ԼԵԴ լուսարձակներն ունեն կարևոր առավելություն. ապահովում են բարձր լուսատվություն, էներգիայի խնայողություն և թույլ են տալիս տնտեսել համայնքի միջոցները: Երբ հակառակորդը տեսնում է սահմանապահ գյուղի լուսավորությունը, հասկանում է, որ շարժ կա, և որ այստեղ ապրում են»,-ասել է Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը:
Առհասարակ, նման ծրագրերը կարևոր են երկարաժամկետ արդյունք ապահովելու, մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու և հնարավոր արտագաղթը կանխելու տեսանկյունից: Սահմանապահ Կոթիում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործակցության արդյունքում նախորդ տարեվերջին գործարկվել է նաև 17,5 կՎտժ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային նոր կայան: Դրա արտադրած էներգիան թույլ է տալիս առանց հավելյալ ծախսի ապահովել խմելու ջրի պոմպի աշխատանքը: Նոր ֆոտովոլտային կայանը ապահովում է նաև տարածքին մոտ գտնվող 2 կմ փողոցի լուսավորության համակարգի սպառած էլեկտրաէներգիան։
Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է համայնքներին՝ տեխնոլոգիական ու ծախսարդյունավետ ենթակառուցվածքային լուծումներ ներդնելով, բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով, ինչը թույլ է տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն:
2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում