Կասետային ռումբ․ մահաբեր խաղալիքներ

Կասետային ռումբ․ մահաբեր խաղալիքներ

Անցած ուրբաթ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը հազարավոր կասետային ռումբեր կմատակարարի Ուկրաինային՝ վստահեցնելով, որ դրանք Կիևը չի կիրառի Ռուսաստանի  տարածքում։

Սալիվանի հայտարարությունը մտավախություն է առաջացրել ԱՄՆ-ի արևմտյան դաշնակիցների շրջանում․ տեսակետները միանշանակ չեն Ուկրաինային նման զինատեսակ հատկացնելու հարցում։ ԱՄՆ-ի եվրոպական որոշ դաշնակիցներ, ինչպես օրինակ Գերմանիան, արտգործնախարարի մակարդակով դեմ է արտահայտվել Ուկրաինային կասետային զենք տրամադրելու գաղափարին։

Արևմտյան Եվրոպայի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը վավերացրել է 2008-ին ստեղծված «Կասետային սպառազինությունների մասին կոնվենցիան», որն արգելում է այս երկրներին արտադրել, վաճառել, գնել և կիրառել կասետային ռումբեր։ Պատճառն այս զինատեսակի խիստ մահացու լինելն է։ Այն իրենից ներկայացնում է բարակ պատերով ավիացիոն ռումբ․ 1 կասետի մեջ կարող է պարունակվել 100 պայթուցիկ ական։ Սրանք նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման և հնարավորինս մեծ մակերես խոցելու համար․ իրավապաշտպաններն այն համարում են «անմարդկային զենք»։

Կասետային ռումբերը օդում բաժանվում են հարյուրավոր մասերի և թափվում են գետնին՝ խոցելով ֆուտբոլի դաշտի չափ կամ ավելի մեծ տարածություն։ Այդ փոքր ռումբերից շատերը երբեմն չեն պայթում գետնին ընկնելիս և կարող են տարիներ շարունակ մեծ վտանգ ներկայացնել պատահական անցորդների համար, ովքեր կարող են անզգուշաբար դիպչել դրանց։

Այս խնդրի պատճառով նման ականները հաճախ ունենում են վառ գունավորում, որպեսզի նկատելի լինեն, բայց դա ունենում է հակառակ էֆեկտ, որովհետև երբեմն երեխաները դառնում են այդ վառ գույների զոհը՝ հրապուրվելով և մոտենալով ականներին։

Կասետային ռումբերը շատ մահաբեր զինատեսակներ են, դրանք կարող են դառնալ հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ներկայում աշխարհի 108 երկրներ վավերացրել են կոնվենցիան, որով հրաժարվել են կիրառել նման զինատեսակներ։ Համենայնդեպս ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ Ուկրաինան մաս չեն կազմում այս կոնվենցիային, ինչը թույլ է տալիս նրանց կիրառել այս զինատեսակը ուկրաինական պատերազմում։

Նշենք, որ կասետային ռումբեր Ադրբեջանը գործածում էր նաև 2020թ-ի Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ։ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը նույնպես չեն վավերացրել Կոնվենցիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում