ՆԱՏՕ. Ուկրաինան անդամակցության հնարավորություն կստանա պատերազմից հետո
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները երեքշաբթի՝ հուլիսի 11-ին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային դաշինքին միանալու հնարավորություն տալու որոշման շուրջ։
Ինչպես նշվում է գագաթնաժողովի կոմյունիկեի մեջ, Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հրավեր կստանա, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները համարեն, որ դրա պայմանները բավարարված են։ «Մենք հաստատել ենք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և համաձայնության ենք եկել Անդամակցության գործողությունների ծրագրի ընթացակարգը չեղարկելու որոշման շուրջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Սթոլթենբերգի խոսքով՝ դաշինքի անդամ բոլոր երկրները կիսում են այն կարծիքը, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, քանի դեռ շարունակվում է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն այդ պետության դեմ։
Պայմաններից, որոնց հետ ՆԱՏՕ-ն կապում է Ուկրաինային դաշինքին միանալու պաշտոնական հրավեր ուղարկելու հնարավորությունը, առաջընթացն է կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև զինված ուժերի արդիականացումը:
Այս ճանապարհին Կիևին աջակցելու համար ՆԱՏՕ-ն համաձայնեցրել է բազմամյա օգնության ծրագիր, որը կապահովի Ուկրաինայի զինված ուժերի և Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի միջև «լիարժեք փոխգործունակությունը»,- ասել է Սթոլթենբերգը։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ՆԱՏՕ-ին։
Այս քննադատությանն արձագանքելով՝ Ենս Սթոլթենբերգը հուլիսի 11-ին շեշտել է․ «Մենք կրկնեցինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և պայմանավորվեցինք չեղարկել դաշինքին անդամակցելու Գործողությունների ծրագրի պահանջները։ Դա կփոխի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ուղին․ երկփուլ գործընթացի փոխարեն կլինի մեկ փուլով»,- ասել է Սթոլթենբերգը։
Նա հավելել է, որ այլ հարցերին զուգահեռ, գագաթնաժողովում նաև համաձայնեցվել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ստեղծման մասին որոշումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում