Մահացել է Միլան Կունդերան․ 7 փաստ հայտնի գրողի մասին
Նմանատիպ
2023թ հուլիսի 11-ին մահացել է աշխարհահռչակ գրող Միլան Կունդերան։ Times-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր փաստ գրողի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ։
1․ Չեխ գրող՝ Ֆրանսիայի քաղաքացիությամբ
Միլան Կունդերան ծնվել է 1929թ ապրիլի 1-ին չեխական Բռնո քաղաքում։ 1975 թվականից տեղափոխվել է Ֆրանսիա, 1979 թ․-ին զրկվել է Չեխոսլովակիայի քաղաքացիությունից, իսկ 1981 թ-ից դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Չնայած ազգությամբ չեխ էր, բայց ինքն իրեն համարում էր ֆրանսիացի գրող և պնդում, որ իր աշխատանքը պետք է ուսումնասիրվի որպես ֆրանսիական գրականության մաս և այդպիսին ներկայացվի գրախանութներում։
2․ «Կեցության անտանելի թեթևությունը»
«Կեցության անտանելի թեթևությունը» Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որը խորհրդանշում է XX դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հատկությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդատվություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման անհնարինությանը: Վեպը թարգմանվել և տպագրվել է նաև հայերենով։
3․ Արգելված գրականություն
Նրա գրքերը Չեխոսլովակիայում արգելված են եղել մինչև 1989 թվականի թավշյա հեղափոխությունը՝ կոմունիստական ռեժիմի տապալումը։ Կունդերան ապրում էր ծպտված և հազվադեպ էր երևում լրատվամիջոցներով։
4․ Նոբելյան մրցանակի հավակնորդը
Կունդերան մի քանի անգամ ներկայացվել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի, սակայն այդպես էլ չի ստացել այն։
5․ Ֆրանսերենը՝ Կունդերայի գրականության լեզուն
Սկզբնական շրջանում գրել է չեխերեն։ 1993 թվականից սկսած անցել է ֆրանսերենի։ 1985-1987թթ-ի ընթացքում վերանայել է իր ավելի վաղ գործերի թարգամնությունները։ Արդյունքում, նրա բոլոր գրքերի ֆրանսերեն տարբերակները համարվում են բնօրինակներ։
6․ Գրական ուղեցույցները՝ Նիցշե և Սերվանտես
Կունդերան ինքն իրեն համարում էր Նիցշեի փիլիսոփայության և Սերվանտեսի գրականության ժառանգորդը։
7․ Կինոակադեմիայի մրցանակ՝ լավագույն ադապտացված սցենարի համար
1988թ-ին ԱՄՆ-ում Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ Բրիտանական կինոակադեմիայի կողմից ֆիլմն արժանացել է մրցանակի՝ լավագույն ադապտացված սցենարի համար։
Առլինա ՍԱՐԳՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում