Հուլիոս Կեսար․ Փառահեղ զորավարը և սրիկան

Հուլիոս Կեսար․ Փառահեղ զորավարը և սրիկան

Քրիստոսից առաջ 100թ-ի հուլիսի 12-ին ծնվել է համաշխարհային պատմության ամենավառ անհատականություններից մեկը՝ Հուլիոս Կեսարը, պետական, քաղաքական և ռազմական գործիչ, ում հռոմեական ծերակույտը հռչակել է ցմահ դիկտատոր, ապա  գազանաբար սպանել է նրան։

Հուլիոս Կեսարի կենսագրությունը դասական օրինակ է, թե ինչպես կարելի է բազմիցս հայտնվել կյանքի հատակում, սակայն ամեն անգամ կարողանալ հասնել փառքի ու իշխանության բարձրակետին։ Նա աքսորվել է, գերեվարվել, հայտնվել մահվան ճիրաններում, սակայն ամեն անգամ կարողացել է վճարել հսկայական փրկագին ու ազատվելով՝ հասնել իր կյանքի գլխավոր երազանքին՝ անսահմանափակ իշխանության Հռոմեական Հանրապետությունում։

Կեսարը սերել է Հուլիոսների հարուստ պատրիկական (արտոնյալ դաս) ընտանիքից: Մ.թ.ա. 81–78թթ. ծառայել է Փոքր Ասիայում, 63թ. ընտրվել է մեծ պոնտիֆեքս (քուրմ), 61թ. նշանակվել է Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ: Մ.թ.ա. 60թ. վերադարձել է Հռոմ, ընտրվել կոնսուլ (բարձրագույն պաշտոնյա): Քաղաքական և զինվորական ազդեցիկ գործիչներ Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը (3 անձի իշխանություն):

«Գալլերի առաջնորդ Վերցինգետորիքսը հանձնվում է Կեսարին», Յուղաներկ, կտավ․ 1899թ․ Նկարիչ՝ Լիոնել Ռոյեր

Մ.թ.ա. 58 թ. Կեսարը շարժվեց Գալլիա՝ նվաճելու իր փառքը: Պատերազմը երկարուձիգ 7 տարի տևեց: Կեսարը փայլեց գալլիական պատերազմում` իրեն դրսևորելով նաև որպես փայլուն ու արտակարգ ունակություններով զորավար: Նա կարողացավ նվաճել ու հպատակեցնել ողջ Գալլիան: Թալանելով հակառակորդի քաղաքներն ու տաճարները` Կեսարը մեծ հարստություն դիզեց:

Հռոմեացի պատմիչ, Կեսարի կենսագիր Վալերիոս Կատուլլոսը Կեսարին բնորոշում է որպես փառահեղ զորավար, միաժամանակ` սրիկա և շվայտ:

Կեսարը միշտ գլխաբաց էր, գնում էր զորքի առջևից, նրա մեջ զուգորդված էին անվեհեր քաջությունն ու զգուշավորությունը: Նա գիտեր խրախուսել զինվորներին. հաշվի չէր առնում նրանց ծագումը, այլ միայն արիությունը: Նրանց դիմում էր որպես սիրելի զինակիցների: Առատորեն վարձատրում էր նրանց, բայց և խիստ էր ու պահանջկոտ:

Պոմպեոսը և Սենատը, վախենալով Հուլիոս Կեսարի ազդեցության մեծացումից, նրանից պահանջել են զորացրել բանակը, թեև նրա լիազորությունների ժամկետը չէր լրացել: Կեսարը մերժել է, որի պատճառով հայտարարվել է հայրենիքի թշնամի: Երկար խորհելուց հետո՝ 49թ.-ի հունվարի 10-ին, Հուլիոս Կեսարը որոշել է զորքով անցնել հյուսիսային սահմանը`   Ռուբիկոն գետը, և մտնել Իտալիա: Գրեթե առանց դիմադրության գրավել է Հռոմն ու ամբողջ Իտալիան և ժամանակավորապես հռչակվել դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնյա):

Հուլիոս Կեսարի բրոնզաձույլ արձանը Հռոմում

Մ.թ.ա. 49–45թթ. Պոմպեոսի գլխավորած Սենատի զորքերի և Կեսարի միջև սկսվել է քաղաքացիական պատերազմ: Բոլոր ճակատամարտերում (Իսպանիայում, Հունաստանում, Աֆրիկայում) Պոմպեոսի զորքերը պարտվել են: Մ.թ.ա. 48թ.-ի վերջին և 47թ.-ի սկզբին Կեսարը, միջամտելով Եգիպտոսի գահակալական պայքարին, պարտության է մատնել եգիպտական թագավորական զորքին և Եգիպտոսի թագուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: Մ.թ.ա. 47թ.-ի գարնանը Փոքր Ասիայում կռվել է Միհրդատ VI Եվպատորի որդու՝ Փառնակեսի դեմ և այնքան արագ է նրան պարտության մատնել, որ Հռոմ ուղարկած նամակում գրել է. «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜»:

Սենատը ճանաչել է ժողովրդի՝ նրան տված Հայր հայրենյաց պատվանունը: Հուլիոս Կեսարն ստացել է տրիբունի անձեռնմխելիության իրավունք և մ.թ.ա. 48թ. հռչակվել դիկտատոր, 44թ.-ից՝ ցմահ դիկտատոր, ստացել իմպերատոր (կայսր, տիրակալ) տիտղոսը, հանրապետության բոլոր զորքերի հրամանատարությունը, մշտապես դափնեպսակ և ծիրանի (թիկնոց) կրելու իրավունք:

Կեսարը Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով պետք է արշավեր Հայաստան ու Պարթևստան: Սակայն Կեսարի միահեծան իշխանությունից դժգոհ հանրապետական սենատորները (ավելի քան 80 հոգի) կազմակերպել են դավադրություն՝ Մարկոս Բրուտոսի գլխավորությամբ, որին Կեսարը համարում էր իր բարեկամը: Սենատի նիստում (մ.թ.ա. 44թ.-ի մարտի 15-ին) դավադիրները շրջապատել են Կեսարին և սպանել նրան: Կեսարը, մարդասպանների մեջ տեսնելով իր նախկին ընկերոջը`   Բրուտոսին, բացականչել է. «Եվ դո՞ւ, Բրուտոս»:

Հուլիոս Կեսարը նաև գրող էր ու պատմագիր: Մեզ են հասել «Նոթեր գալլական պատերազմի մասին» (7 գրքով) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» (3 գրքով) երկերը,  Ցիցերոնի (Կիկերոն) դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր, բանաստեղծություններ և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում