Հայտնի է Երևանի ավագանու ընտրությունների օրը

Հայտնի է Երևանի ավագանու ընտրությունների օրը

ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ ընդունվել է նախագիծ՝ Երևանի ավագանու հերթական ընտրությունները նշանակելու վերաբերյալ։

Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ»:

Վերոնշյալ կարգավորման համաձայն՝ ընտրությունները պետք է նշանակվեն 2023 սեպտեմբերի 17-ին՝ որպես նշված միջակայում գտնվող միակ կիրակի օր:

Ինչպես նշել են նիստի ժամանակ՝ «Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետներն ապահովելու համար անհրաժեշտ է, որ սույն նախագիծն ընդունվի Կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի նիստի ընթացքում»,- հայտարարվել է նիստում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում