«Մենք մտածելու բան ունենք». Ժաննա Անդրեասյանը` զինանշանի հնարավոր փոփոխության մասին

«Մենք մտածելու բան ունենք». Ժաննա Անդրեասյանը` զինանշանի հնարավոր փոփոխության մասին

Պետական խորհրդանիշները պետության դեմքն են, և որևէ փոփոխություն պետք է շատ լավ մտածված, քննարկված և հասկացված լինի։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետ է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա անդրադարձել է վերջերս ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե ՀՀ զինանշանը մեր ապագայի հետ կապ չունի։

«Մենք մտածելու բան ունենք, և այս հարցը ձևակերպված է նաև մասնագիտական դաշտի կողմից, հետևաբար կարծում եմ` դա այն հարցերից է, որի ուղղությամբ պետք է բավականին աշխատանք տարվի, որպեսզի փոփոխությունների անհրաժեշտության մասին ավելի հստակ պատկերացում կազմվի»,- նշել է Անդրեասյանը։

Նրա խոսքով` մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն նաև մեր այսօրվա պետությունը, և Նիկոլ Փաշինյանի խոսքերը հենց դրա մասին էին։ Նախարարը կարծում է, որ մասնագետները կգտնեն ճիշտ լուծում։

«Այս պահին որևէ ձևաչափով աշխատանքային խումբ չկա։ Իհարկե, հարցը ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել, բայց ավելի կոնկրետ աշխատանքային պրոցես չկա»,– ասել է նախարարը։

Նա նշել է, որ տարբեր մասնագետներ արդեն խոսել են զինանշանի որոշ խնդիրների մասին։ Որպես ոլորտը համակարգող նախարար` ինքն առաջին հերթին կարիք ունի լսելու մասնագետների խոսքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում