Մենակ մի թողեք Արցախում ապրող հային․ Արցախի ՄԻՊ-ը՝ Հայաստանում ապրող հայերին
Նմանատիպ
Արցախի՝ 7 ամիս շարունակվող շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլևս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը, երբ այլևս մի ողջ ժողովրդի գլխին կախված են գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են և ընդգծված։
Այսօր առավոտյան Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մեկնարկած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում հայտարարել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Գտնվելով շրջափակման մեջ և հունիսի 15-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից՝ մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման և ցեղասպանության իրական և անհերքելի սպառնալիքի ներքո։ Իրավիճակի մասին երկար չեմ խոսի, որովհետև խոսել եմ 7 ամիս շարունակ, ահազանգել եմ բոլոր բոլորին, խոսել շատերի հետ, անդադար՝ ամեն հանդիպման ժամանակ զրուցակիցներիցս ակնկալելով հարգանք մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ, հարգանք մեր ժողովրդի կյանքի և սեփական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի նկատմամբ։ Ակնկալել եմ կարեկցանք, ըմբռնում այն ամենի, ինչ կատարվում է մեզ հետ։ Խոսել եմ խնդրանքով, խոսել եմ ցասումով։ Այսօր արդեն ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է, որն այսօր, այստեղ հավաքվելով, բոլորս միասին պետք է անենք»,- ասել է Ստեփանյանը։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային հանրության բոլոր դերակատարներին։ «Ասում եք մարդու իրավունքնե՞ր։ Ուրեմն ասեք ինձ, ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ։ Ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել։ Ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է։ Ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար։ Ես ինչպե՞ս նայեմ 20 հազար տարեցների աչքերին, որոնք օրվա հանապազօրյա հացը հայթայթելու համար անմարդկային դժվարությունների միջով են անցնում։ Եվ վերջապես, ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված զոհվածի մոր աչքերին, որն ահաբեկված հայացքով նայում է ինձ՝ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ զավակի գերեզմանը։ Պատասխանեք ինձ, ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, ես ուզում եմ, որ դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում։ Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան։ Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում և նմանատիպ այլ հայտարարություններ․․․ բավ է, հերիք է, մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»։
Այնուհետև Արցախի ՄԻՊ-ը դիմեց Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին, որոնց 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի և ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը․ «Մեզ խաղաղություն էր խոստացվել։ Խաղաղությունն ամենօրյա տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ։ Խաղաղությունն ամենօրյա հաց հայթայթելով ֆիզիկական գոյություն քարշ տալը չէ։ Խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված և ամեն ինչից զրկված լինելը չէ։ Խաղաղությունն ամեն օր հոգեբանական հարձակումների և մեր վրա թափվող անորոշությունները չեն։ Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»,- շեշտեց Ստեփանյանը։
Շարունակելով խոսքը՝ Ստեփանյանը դիմեց Հայաստանում ապրող հայրենակիցներին՝ ընդգծելով որ Արցախը յուրաքանչյուր հայի համար բացառիկ արժեք և սրբություն է։ «31 տարի առաջ Արցախում ապրող հայը կանգնեց մի պարզագույն ցանկությամբ՝ միանալու Մայր հայրենիքին։ Այդ ցանկությունը վաղեմության ժամկետ չունի, դա սրբագույն երազանք ու նպատակ է, որ պետք է իրականություն դառնա։ Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի թողեք Արցախում ապրող հային իր այդ սրբագույն երազանքի հետ»։
Դիմելով սփյուռքում ապրող հայերին՝ Ստեփանյանն ընդգծեց․ «Ձեզանից շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն՝ ինչ է նշանակում ցեղասպանվել, ինչ է նշանակում հայրենազրկվել, ինչ է նշանակում ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու։ Սիրելի քույրեր և եղբայրներ, ձեզ խնդրում եմ, եթե կուզեք՝ աղաչում եմ, վեր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, վեր ելեք՝ պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայ ժողովրդի ճակատագրի համար։ Ամենուրեք ասում էին այլևս երբեք, պարտադրեք նրանց հավատարիմ մնալ իրենց հայտարարություններին։ Մենք պետք է ջնջենք մեր ճակատագրից անընդհատ ցեղասպանվող ժողովրդի խարանը։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այս ամենն էկրաններից այն կողմ ինչ-որ օտարի հետ տեղի ունեցող իրականություն չէ, սա Արցախում ապրող ձեր քույրերի և եղբայրների՝ ամեն օր խեղվող ճակատագիրն է»։
Ստեփանյանը շարունակեց՝ եթե աշխարհի շատ ժողովուրդների պետությունն ու պետականությունը մատուցվել է սկուտեղի վրա, ապա Արցախը վաստակել է իր ինքնորոշման իրավունքը։ «Արցախյան բոլոր պատերազմներում վճարված թանկ գինը, 7-ամսյա շրջափակումն աղաղակող փաստեր են, որ մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, չենք կարող և վերջ։ Վերջապես հասկացեք։ Բոլոր նրանք, ովքեր դեռ իլուզիաներ ունեն այս առումով, թող պատասխանեն՝ արդյոք հնարավոր է՞ր պատկերացնել հրեաների կյանքը Նացիստական Գերմանիայում։ Այո, Ադրբեջանն այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ, հայի նկատմամբ ատելությամբ ու թշնամանքով։ Բոլորը դրանում վաղուց արդեն համոզված պետք է լինեին։ Սա 21-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկն է։ Ուրեմն, վերջ տվեք խոսելուն, անհապաղ և կոնկրետ գործողություններ ձեռնարկելը ցպահանջ է՝ Արցախում ողբերգությունը կանխելու համար։ Անտարբերությունը հավասար է մեղսակցության։ Եվ հիշեք՝ անպատիժ հանցագործությունը կրկնվող հանցագործություն է։ Այսուհետ մեր անցյալը, ներկան ու ապագան նաև ձեր ձեռքերում է։ Արցախն ապրելու է, Արցախը հարատևելու է՝ ի հեճուկս բոլոր չկամների ու թշնամիների և ի փառս համայն հայության»,- եզրափակեց Արցախի ՄԻՊ-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում