Հայաստանում սպիտակ արագիլների աղտոտման արեալը աճել է 59%-ով․ NABU
Նմանատիպ
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից սկսած արդեն 4-րդ տարին է՝ իրականացնում է սպիտակ արագիլների հաշվառում Արարատյան դաշտում։
Հաշվառումը սկսվել է իրականացվել՝ պայմանավորված 2017 թվականից սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածության նկատելի դառնալուց հետո։
Ըստ այս տարվա արդյունքների՝ նախորդ տարվա համեմատությամբ սպիտակ արագիլների աղտոտման արեալը աճել է 59%-ով։ Այս տարի աղտոտում է նկատվել այնպիսի բնակավայրերում, որտեղ մինչ այս աղտոտված թռչուններ առհասարակ չեն դիտարկվել:
Աղտոտված արագիլների տոկոսը Արարատյան դաշտում, ըստ բների, կազմում է 58,1% (18,5% աճ՝ 2022 թվականի համեմատ), մասնավորապես՝ Արմավիրի մարզում աղտոտվածության աստիճանը հասնում է 51,9%-ի (16,6% աճ՝ 2022 թվականի համեմատ), իսկ Արարատի մարզում՝ 65,8%-ի (19,2% աճ՝ 2022 թվականի համեմատ):
Միևնույն ժամանակ աղտոտման ինտենսիվությունը թուլացել է. նախորդ տարիների համեմատությամբ ավելի քիչ են հանդիպում աղտոտվածության «բարձր» աստիճան ունեցող թռչունները, սակայն ավելի շատ՝ «միջին» աստիճան ունեցողները: Նման ցուցանիշի պատճառ կարող է լինել նաև, 2022 թվականի համեմատությամբ, 2023 թվականի ավելի «ցուրտ կլիման»։
Հաշվառումը ևս մեկ անգամ ընդգծեց արագիլների աղտոտման հիմնախնդրի արդիականությունը: Հիմնախնդիրը ցույց է տալիս Արարատյան դաշտում բնական, հատկապես՝ ջրային էկոհամակարգի խաթարումը, ինչը բացասաբար է ազդում նաև մարդկանց առողջության վրա:
Նշենք նաև, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այս տարի իրականացրել է սպիտակ արագիլների փետուրների նմուշառում բավականին լայն աշխարհագրությամբ՝ գերմանական և հայկական քիմիկան վերլուծական լաբորատորիաներում համապատասխան փորձաքննություն իրականացնելու նպատակով: Արդյունքներն ունենալուն պես այն կներկայացնենք նաև ձեզ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում