Աշխարհում աճում է աղքատության շեմից ցածր ապրող մարդկանց թիվը

Աշխարհում աճում է աղքատության շեմից ցածր ապրող մարդկանց թիվը

Վերջին տարիներին աշխարհում ևս 165 միլիոն մարդ հայտնվել է աղքատության շեմից ցածր կեցության մակարդակում: Կորոնավիրուսային համաճարակի և դրան հաջորդած տնտեսական ցնցումների պատճառով  տուժածների օրվա հաշվարկով միջին ծախսը 2020-ից ի վեր նվազել է 3,65 ԱՄՆ դոլարի (մոտ 3,26 եվրո) շեմից։

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունը (ՄԱԶԾ):

«Այս ցուցանիշը կարող էր նույնիսկ ավելի մեծ լինել, եթե կառավարությունները չգործարկեին սոցիալական ծրագրեր և տնտեսական խթանման փաթեթներ COVID-19 համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամի ընթացքում»,- ասել է ՄԱԶԾ-ի ղեկավար գերմանացի դիվանագետ Ախիմ Շտայները:

«Այնուամենայնիվ, աղքատ երկրների համար նման աջակցության բեռը հաճախ ճնշող է, և կարող է ունենալ հեռահար սոցիալական հետևանքներ: Կառավարությունը, որն այլևս չի կարող բժիշկներ և բուժքույրեր վարձել հիվանդանոցների համար, որը չի կարող դեղորայք տրամադրել գյուղական բժշկական կենտրոններին, ըստ էության, խաթարում է երկրի սոցիալական ենթակառուցվածքը»,- նշել է Շտայները:

Գերմանացի դիվանագետի խոսքով՝ դա նշանակում է կրճատված առողջապահություն, ցածր կրթական մակարդակ և սոցիալական ապահովության ցանցերի բացակայություն։ Սա կտանի նաև այն բանին, որ մարդիկ չեն կարողանա կերակրել իրենց ընտանիքներին։

Հուլիսի 12-ին ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ աշխարհի 52 երկրներ հայտնվել են խոր պարտքերի մեջ, որը դժվար թե կարողանան հաղթահարել առանց արտաքին օգնության: 2022 թվականին ամբողջ աշխարհում պետական պարտքը կհասնի ռեկորդային 92 տրիլիոն դոլարի (մոտ 82,5 տրիլիոն եվրո)։ Սա հինգ անգամ ավելի է, քան 2000-ական թվականներին, և աղքատ երկրների մասնաբաժինը այս ցուցանիշում անհամաչափ մեծ է։ Աշխարհի բնակչության մոտ 40 տոկոսն (3,3 միլիարդ մարդ) ապրում է այն երկրներում, որտեղ պետական վարկերի վճարումները գերազանցում են առողջապահության և կրթության ծախսերը, ասված է զեկույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում