Աշխարհի 5 ամենահզոր բանակները. Global FirePower

Աշխարհի 5 ամենահզոր բանակները. Global FirePower

Global FirePower հետազոտական-վիճակագրական կենտրոնը հրապարակել է 2023թ.-ի վարկանիշը աշխարհի 145 պետությունների ռազմական ուժի վերաբերյալ։

Այն հիմնված է 60 տարբեր չափորոշիչների վերլուծության վրա, որը համակարգչային մոդելավորման մեթոդաբանությամբ հնարավորություն է տալիս համեմատել աշխարհի տարբեր երկրների ռազմական ներուժը ու այդ սկզբունքով ստեղծել վարկանիշային աղյուսակ։

Ներկայացնում ենք Global FirePower-ի վարկանիշով 2023թ-ի ամենահզոր 5 բանակները.

5. Մեծ Բրիտանիա

Երբեմնի աշխարհի խոշորագույն կայսրությունը, որի ռազմական ու տնտեսական հզորության առաջ ծնկի էր գալիս ողջ աշխարհը, այսօր փոքր կղզի-պետություն է` սահմանափակ ռեսուրսներով։  Այդուհանդերձ,  նրա հզոր տնտեսությունը և տեխնոլոգիական գերազանցությունը թույլ են տալիս բրիտանական բանակը համարել իր կարողություններով 5-րդն աշխարհում, ինչը տպավորիչ է։

Մեծ Բրիտանիան միջուկային տերություն է և առանձնանում է հզոր օդուժով ու նավատորմով, որի արսենալում կա 2 ավիակիր։

4. Հնդկաստան

Բրիտանական նախկին գաղութ Հնդկաստանն ունի ահռելի մարդկային ռեսուրսներ (2-րդը Չինաստանից հետո), տիրապետում է միջուկային զենքի։ Հնդկաստանի ցամաքային հետևակը համարվում է աշխարհում ուժեղագույններից մեկը։ Այն հագեցած է սեփական արտադրության ռազմական տեխնիկայով և ունի ինքնաբավության մեծ մակարդակ։

3. Չինաստան

Չինական բանակը հզոր ուժ է, որի մարդուժի մշտական թիվը կազմում է շուրջ 2 միլիոն մարդ, իսկ պահեստազորն ուղղակի անսահմանափակ է։

Չինաստանը տիրապետում է միջուկային զենքի, օդատիեզերական միջոցների, ունի գերժամանակակից օդուժ, զրահատեխնիկա, հրետանի և նավատորմ։ Նրա տեխնոլոգիական գերազանցությունն ու ռազմատեխնիկական արդյունաբերության թափը թույլ է տալիս լինել ինքնաբավ և շատ արագ զարգացող բանակ, որը ձգտում է դառնալ աշխարհի թիվ 1 ուժը։

2. Ռուսաստան

Չնայած Ուկրաինայում սկսված պատերազմը և դրանում ռուսական ռազմական մեքենայի դրսևորած բացահայտ խնդիրներին`Ռուսաստանը Global FirePower-ի վարկանիշում շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։

Ռուսաստանը շարունակում է տիրապետել աշխարհում ամենամեծ միջուկային արսենալին։ Նրա տրամադրության տակ կա ավելի քան 5800 միջուկային մարտագլխիկ, որոնք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով կարող են խոցել մոլորակի ցանկացած կետ։

Ռուսաստանը նաև համարվում է առաջատար ռազմական նավաշինական և օդատիեզերական պետություն։

1. ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական բացարձակ գերակայությունն աշխարհի բոլոր պետությունների նկատմամբ շարունակում է ապահովել նաև ռազմական գերազանցություն։

Միջուկային մարտագլխիկների թվով ԱՄՆ-ը զիջում է միայն Ռուսաստանին, սակայն լինելով ՆԱՏՕ-ի առաջնորդ պետությունը` այն ընդունակ է գերազանցել ցանկացած հակառակորդի թե՜ օդում, թե՜ ցամաքում և թե ջրում։ ԱՄՆ֊ն ունի աշխարհում մենաշատ թվով ավիակիրները (11), նրա ծովային դեսանտը համարվում է էլիտար և ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկն աշխարհում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում