Եգիպտոսի գյուղերից մեկում 200-ից ավելի մարդ վարակվել է անհայտ հիվանդությամբ

Եգիպտոսի գյուղերից մեկում 200-ից ավելի մարդ վարակվել է անհայտ հիվանդությամբ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ գտնվող Քենա նահանգի Էլ Ալիքաթ գյուղի բնակիչների շրջանում արագորեն տարածվում է անհայտ հիվանդություն:

Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն՝ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բուժող բրիգադներ է ուղարկել դեպքի վայր հիվանդներից և շրջակա միջավայրի օբյեկտներից նմուշներ վերցնելու համար:

Cairo24–ը և մի շարք այլ եգիպտական ԶԼՄ-ներ ավելի վաղ գրել էին, որ Էլ Ալիքաթ գյուղում մոտ 200 մարդ վարակվել է խորհրդավոր հիվանդությամբ: ԶԼՄ-ները ենթադրել են, որ դա կարող է Դենգե տենդի բռնկում լինել։

«Առողջապահության և բնակչության նախարարությունը հետևում է մի շարք քաղաքացիների մոտ հիվանդության նույնատիպ ախտանշանների ի հայտ գալու հետ բողոքներին։ Կանխարգելիչ և բուժական բժշկության ու համաճարակաբանական հսկողության բրիգադներ են ուղարկվել տեղեկությունն ուսումնասիրելու և հիվանդներից ու շրջակա միջավայրի օբյեկտներից նմուշներ վերցնելու համար»,- ասված է Եգիպտոսի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Նախարարության հայտարարության համաձայն՝ հիվանդների մոտ նույնատիպ ախտանշաններն արտահայտվել են բարձր ջերմությամբ, ոսկորների ցավով և հոգնածությամբ։

«Դրանք շարունակվում են երեքից հինգ օր, այդ ախտանշաններն ընդհանուր են մի շարք տարածված հիվանդությունների համար, ինչպիսիք են մրսածությունը, գրիպը, գաստրոէնտերիտը և տենդը, որոնց դեպքում վարակը տարածվում է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում, և որոնք անցնում են հանգստանալու, ջերմիջեցնող դեղամիջոցներ և շատ հեղուկ խմելու շնորհիվ»,- նշել է նախարարությունը՝ հավելելով, որ էլ Ալիքաթում հիվանդների ախտանշանները մեղմ և միջին մակարդակի են, հոսպիտալացում չի պահանջվում:

Եգիպտոսի առողջապահության փոխնախարար Ամր Քանդիլը Sada el-Balad հեռուստաալիքին հայտնել է, որ մասնագետներն օրական երկու անգամ գյուղում թունաքիմիկատների փոշեցրում կիրականացնեն: Նա հավելել է, որ հետազոտության համար մոծակների և կեղտաջրերի նմուշներ են վերցրել:

Ավելի ուշ «РИА Новости»-ն գրել է՝ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) ուժեղացրել է սանիտարական և կարանտինային հսկողությունը Եգիպտոսից թռիչքների նկատմամբ՝ անհայտ հիվանդության պատճառով։

Ինչպես նաև Եգիպտոս մեկնող զբոսաշրջիկներին զգուշացնում են, որ միջատներով փոխանցվող հիվանդությունները կանխելու համար հագնեն մաշկը հնարավորինս ծածկող հագուստ, օգտագործեն միջատներին վանող միջոցներ և միջատասպաններ, պատուհանների ու դռների վրա տեղադրեն ցանցեր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում