Քաղաքացիների թոշակների համար կուտակվել է 351 միլիարդ դրամ

Քաղաքացիների թոշակների համար կուտակվել է 351 միլիարդ դրամ


2022 թվականի տարեվերջից սկսած պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը սկսեցին արձանագրել դրական արդյունքներ. անցած տարվա ընթացքում կուտակային ֆոնդերի կրած կորուստների մեծ մասը, կարելի է ասել, վերականգնված է, ինչին նպաստող գործոն է հանդիսացել գնաճի տեմպերի նվազումը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության, ֆոնդերում առկա գումարների տնօրինման մասին, նման տեսակետ հայտնեց «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ փոխտնօրեն, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։

«Այսօրվա դրությամբ՝ արձանագրված գրեթե ամբողջ կորուստը հետ է եկել։ Մասնավորապես, եթե 2022 թվականի տարեվերջին «Ամունդի-Ակբան» իր կուտակային կենսաթոշակային ֆոնդում ուներ 292 միլիարդ դրամ, ապա այս տարվա հունիսի 30-ի դրությամբ ունենք արդեն 351 միլիարդ դրամ։ 6 ամսվա ընթացքում 60 միլիարդ դրամով մեր ակտիվներն ավելացել են։ Նշեմ, որ այս գումարի մի մասը քաղաքացիների կողմից փոխանցված կենսաթոշակային մուտքերն են, որոնք պետությունը կրկնապատկում է, մյուս մասն արդեն ֆոնդի ճիշտ կառավարման արդյունքն է։ Օրինակ, այդ 60 միլիարդի 40 տոկոսը գոյացել է ֆոնդերի կառավարման հետևանքով»,- ասաց Ասլանյանը։

Նրա խոսքով՝ 351 միլիարդ դրամի առյուծի բաժինը ներդրված է Հայաստանում՝ բանկերի, վարկային կազմակերպությունների ավանդների, պարտատոմսերի մեջ, մի մասն անուղղակի ներդրումներ են՝ արված տնտեսության իրական հատվածում։

Հրայր Ասլանյանն ընդգծեց, որ տնտեսության իրական հատվածում ֆոնդերից արված ներդրումները քիչ են, որովհետև որպեսզի կարողանան տնտեսության իրական հատվածում ներդրում անել, ընկերությունները պետք է գործեն շատ թափանցիկ և ցուցակված լինեն բորսաներում, իսկ այստեղ առկա են մի շարք խնդիրներ։

«Արտասահմանյան ներդրումներին բաժին է հասնում մեր ֆոնդերում առկա գումարների 29 տոկոսը. ներդրումներ ենք անում ամենատարբեր ընկերություններում՝ «Ամազոն» և այլն»,- ասաց «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ փոխտնօրենը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում