Վիվա-ՄՏՍ. «Էլեկտրական հովիվներ»՝ խրտվիլակների փոխարեն. նոր տեխնոլոգիաներ գյուղերում
Նմանատիպ
Վայք խոշորացված համայնքում գյուղական 15 բնակավայր կա: Դրանցից ոչ մեկն ապահովագրված չէ արջերի անակնկալ հայտնվելուց: Ֆերմերային տնտեսությունները վայրի կենդանիներից պաշտպանելու ավանդական մեթոդն արդեն հնացել է. պտղատու այգիների, ընտանի կենդանիների և մեղվափեթակների մոտ տեղադրված խրտվիլակները զրոյական ազդեցություն ունեն: Արջերն անտեսում են դրանց համեստ տեղակայումն ու գործի անցնում: Դրանում շատերի նման համոզվել է նաև խնձորուտցի Նատալյա Պողոսյանը, ով ամուսնու հետ ավելի քան 2 տասնամյակ մեղվաբուծությամբ է զբաղվում:
«Չուչելա էի կարել, հագցրել էի, որ մարդու տեղ դնի, բայց էլի չէր օգնում. գալիս էր, ջարդում էր… չէր վախենում: Էս տարի առաջին անգամ մեզ «էլեկտրական հովիվ» են նվիրել: Ասել են՝ սրանով արջը մոտ չի գա: Այսքան ժամանակ անընդհատ հետևում ենք. արջը դեռ չի եկել, վնաս չի տվել»,-ասել է Նատալյա Պողոսյանը:
Վայք խոշորացված համայնքը հրաշալի պայմաններ ունի մեղվաբուծության զարգացման համար: Մեղվափեթակների թիվն այստեղ հասնում է 1500-2000-ի: Ծուռթաթ բրդոտները կարողանում են արագ կողմնորոշվել՝ ուր գնալ մթնշաղից հետո: Եթե նրանց համար գիշերային մեկ հարձակման արդյունքն ընդամենը 3-4 մեղվափեթակ է, ապա ֆերմերի համար՝ ֆինանսական զգալի կորուստ: Մեկ մեղվափեթակի արժեքը կազմում է 60-80 հազար դրամ: Վերջին օրերին 9 մեղվափեթակ է վնասվել 3 գյուղում:
Մարդ-վայրի կենդանի հակասությունը մեղմելու համար երեք տարի առաջ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը(FPWC) անհրաժեշտ տարածքը պաշտպանելու ժամանակակից լուծում են առաջարկել ֆերմերներին: Վայոց ձորի մարզի 5 համայնքում կենդանիների հարձակմանը ենթարկվող տարածքներն սկսել են հսկվել «էլեկտրական հովիվներով»: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում երկու համակարգ էլ ստացել է Վայք համայնքը. ընթացիկ տարում դրանց թիվն ավելացել է չորսով: Դրանցից օգտվողներն արդեն նկատելի տարբերություն են արձանագրել:
«Այս տարի 4 համակարգ ենք ստացել և տվել ենք մեղվապահներին, որովհետև անցած տարի արջը շատ է վնասել մեղվափեթակները: Այս «էլեկտրական հովիվների» առավելությունը այն է, որ շատ հեշտ հավաքվում են, և երբ ցանկանան, ընդամենը 15-20 րոպեում կարող են տեղափոխել և ուրիշ տեղ հավաքել: Դրանք կենդանուն վնաս չեն տալիս, բնությանը վնաս չեն տալիս, իսկ մեղվապահներն էլ գիշերը հանգիստ քնում են, որովհետև գիտեն, որ արջը մոտ չի գա»,-ասել է Վայք խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը:
«Էլեկտրական հովիվների» համակարգերից մեկն էլ ստացել է Սանասար Մովսիսյանի ընտանիքը: Գարնանը սար բարձրացած ամուսինները գյուղ կիջնեն աշնանը: Գիշերում են սարում տեղակայված տնակում՝ չանհանգստանալով արջերի հայտնվելուց: Հույս ունեն, որ «էլեկտրական հովվի» մասին իրենց պատկերացումներն արդարացված կլինեն:
Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով՝ այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում