Սերգեյ Փարաջանով․ Հայկական կինոյի հսկան

Սերգեյ Փարաջանով․ Հայկական կինոյի հսկան

1990թ-ի հուլիսի 20-ին մահացել է աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը։ Նա համարվում է 20-րդ դարի մեծագույն ռեժիսորներից մեկը, ում աշխատանքները առանձնանում են յուրօրինակ խորությամբ և մշակութային ինքնատիպությամբ։

Սերգեյ Փարաջանովը մեծ արվեստագետ էր, որն իր ժամանակից դուրս էր, մտածում էր ավելի առաջ ու իրական արվեստագետի մտքով: Լինելով հեղափոխական ռեժիսոր, Փարաջանովը հայտնի է եղել, կա ու կլինի ամբողջ աշխարհում իր ոճական նուրբ զգացումներով: Իր ֆիլմերում Փարաջանովը դիպուկ էր նաև նորաձևության մեջ: Այսօր ժամանակակից հայ դիզայներները ոգեշնչվում են հայկական տարազի մանրամասներից, ստեղծում են միքսեր, միաձուլում են համաշխարհայինին` այդ ամենի հիմքում ունենալով փարաջանովյան մոտիվները:

Փարաջանովը ծնվել է 1924թ.-ի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո` 1946թ., ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ:

Փարաջանովին համաշխարհային հռչակ է բերել նրա «Մոռացված նախնիների ստվերները» (1964) կինոնկարը, որը նկարվել է ուկրաինացի գրող Միխայիլ Կոցյուբինսկիի վիպակի հիման վրա: Այն պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:

Փարաջանովի գլուխգործոցը կարելի է համարել «Նռան գույնը» (1968թ.), որը պատմում է թբիլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում:

Փարաջանովի ազատազրկմանն արձագանքել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ։ Եվ չնայած դրան՝ նրան միայն 4 տարի անց են ազատել ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։ Թբիլիսիում ապրելու ժամանակ Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ. նրան թույլատրել են նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984թ.), «Աշուղ ղարիբը»։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ է մնացել և հետագայում ամբողջությամբ օգտագործվել Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992թ.) վավերագրական ֆիլմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում