Մինաս Ավետիսյան. Լույս ու հավերժություն

Մինաս Ավետիսյան. Լույս ու հավերժություն

«Ամեն անգամ, երբ գյուղ եմ գնում, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Երբ փոքր էի, ցանկապատերը ինձ թվում էին բարձրբարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ»

Հավանաբար հենց մանկության տարիների տունն ու գյուղն են ջաջուռցի սովորական տղային դարձրել արտասովոր մեկը, ում հիշողությունների մեջ մնացած ցանկապատը երբեք չի սահմանափակել իրեն, այլ ստիպել է խոչընդոտներ հաղթահարել ու դառնալ…Մինաս Ավետիսյան:

 

Մինասը հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից է: Հայ միջնադարյան մանրանկարչություն, իտալական վերածննդի նկարչություն և Մարտիրոս Սարյան. հենց այսպիսի ազդեցություն կա Մինասի կտավներում, որոնք ամբողջանում են միայն Մինասին հատուկ վրձնահարվածներով, որոնք որքան էլ անփույթ վարպետությամբ են արված, նույնքան էմոցիոնալ ու հանճարեղ են:

Ի դեպ, Մարտիրոս Սարյանը Մինասի արվեստի երկրպագուն էր: Հայրենական գեղարվեստի հսկաները իրար հանդիպել են, երբ Մինասը դեռ 18 տարեկան էր: Սարյանն ափսոսանք է հայտնել, որ Մինասի մեծ է 50 տարով, հետևաբար երկար շփվելու ժամանակ չի մնացել, բայց և գոտեպնդել է երիտասարդ նկարչին՝ «Շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»:

Մինասի երկրպագուն էր նաև Արամ Խաչատրյանը: «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակն ինքն էր, թեև նրա արվեստին անդրադառնալիս գրեթե չի խոսվում նրա բալետային և թատերական ձևավորումների մասին, մինչդեռ Արամ Խաչատրյանն այն անձամբ տեսնելու ու հիանալու առիթներ է ունեցել. «Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:

Մինաս Ավետիսյան․ ինքնադիմանկար

500 մեծ ու փոքր կտավ, նույնքան էլ գծանկար ու 20 որմնանկար. սա է Մինասի ժառանգությունը: որմնանկարների մեծ մասը, ցավոք, երկրաշարժի հետևանքով վնասվեց: Մինչ երկրաշարժը կհասներ նրա որմնանկարներին, 1972-ի հունվարի 1-ին Մինասի արհեստանոցն է հրդեհվում: Այրվում է կտավների մեծ մասը՝ շուրջ 300 աշխատանք, այդ թվում՝ Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Մի քանի կտավ էլ ոչնչանում է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով:

«Աստված իր կամքով ստեղծեց մարդուն և տվեց նրան փորձություններով լի կյանք, և որքան էլ դառնահամ լինեն այդ փորձությունները, դրանք ի վերջո տանում են դեպի լույս ու հավերժություն»

Մինաս Ավետիսյան և Մարտիրոս Սարյան

Լուսանկարիչ Ավետ Եսայանի հետ Մինասն աշխատում էր ու ընկերություն անում: Այս լուսանկարչի շնորհիվ են Մինասի որոշ ոչնչացված կտավներ պահպանվել լուսանկարի տեսքով: Հենց Ավետ Եսայանն էլ նրա արվեստանոցում է եղել ողբերգական ավտովթարից օր առաջ:

Այդ օրը նա վերջին անգամ լուսանկարեց նկարչին…Մինասը խնդրել էր լուսանկարել նաև «Անտունի» բալետի համար արած դեկորացիաները: Հաջորդ օրը՝ փետրվարի 15-ին «Անտունի» բալետի հոբելյանական 50-րդ ցուցադրությունը պետք է կայանար: Ցուցադրությունն անցավ բարեհաջող, բայց կյանքն օրվա այդպիսի ավարտ չէր նախատեսել: Տերյան–Սայաթ-Նովա խաչմերուկն անցնելիս նրան հարվածեց «Մոսկվիչ» ավտոմեքենան, որի ղեկին ոմն Ժորա Հովսեփյան էր: Օրեր անց Մինասը մահացավ:

Նատյուրմորտ,”Ձմերուկ”, 1960թ․ Մինաս Ավետիսյան

«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն էԵս կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»

Մանրուքներից անդին՝ կա Մինաս, որի գույնը համաշխարհային գեղարվեստի կոլաժում ջնջել կամ ստվերել չի լինի: Ոչ մի երկրաշարժ, հրդեհ ու դավ չի կարող ոչնչացնել մարդու ստեղծած աստվածայինը, ուստի «արվեստը մեզ շրջապատող ստի ու կեղծիքի պատասխանը պետք է լինի»:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում